Նախնական տվյալներով՝ հայկական կողմին փոխանցված դիերը խոշտանգելու, անդամահատելու վերաբերյալ տվյալներ այս պահին չունենք. ՔԿ

Հոկտեմբերի 29-ին ՊՆ-ն հանրությանը տեղեկացրեց, որ ՌԴ բացառիկ միջնորդական ջանքերի շնորհիվ, ԿԽՄԿ-ի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային թիմի մասնակցությամբ հայկական կողմին են փոխանցվել ռազմական գործողությունների ընթացքում 30 զոհված հայ զինծառայողների մարմինները:

Այսօր լրագրողները ՔԿ քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանից հետաքրքրվեցին՝ կա՞ն արդյոք քրեական գործի շրջանակներում ձեռք բերված փաստական տվյալներ զինծառայողների մարմինների դիակապտության դեպքերի վերաբերյալ, կամ տվյալներ, որ մահացած անձինք մինչև մահանալը ենթարկվել են խոշտանգումների:

«Քննչական խումբը, մենք, ի սկզբանե որոշեցինք, որ պետք է մասնակցենք զոհված զինծառայողների դիակների հանձնման գործընթացին, և քննչական խումբը հենց անմիջապես հանձնման ժամանակ ներկա է գտնվել, և տեղում իրականացվել են  քննչական, դատավարական գործողություններ, զննություններ են իրականացվել, դիակների նախնական՝ արտաքին զննություն: Հետագայում, նույն օրը նշանակված դատաբժշկական փորձաքննությունների շրջանակներում արդեն հետազոտություններ իրականացվել է Առողջապահության նախարարության դատաբժշկական փորձաքննությունների գիտագործնական կենտրոնի դատաբժիշկ-փորձագետների կողմից:

Տեսեք, կային ածխացված դիակներ, կային մարմնի մասեր, որոնք պայթյունի հետևանքով չկային, բացակայում էին: Բայց այլ տվյալներ… այս պահին դեռևս բոլորի մասով եզրակացություն չենք ստացել: Այս պահին նախնական տվյալներով խոշտանգված և, օրինակ, անդամահատված  և այլն, չունենք այս պահին նման տվյալներ: Չնայած դեռ չենք ստացել փորձագետի եզրակացությունը… Փորձագետի եզրակացությունը ստանալուց հետո նոր միայն կարող ենք ասել: Քննիչը իրականացրել է դիակի նախնական արտաքին զննություն, և դրանով խորը  հետազոտություն հնարավոր չի անել, դա պետք է իրականացվի հատուկ պայմաններով, տարբեր հետազոտություններ են իրականացվում»,- պարզաբանեց Ռաֆայել Վարդանյանը:

ՔԿ ներկայացուցիչը նաև հայտնեց, որ 4 դի արդեն իսկ ճանաչել են ընտանիքի անդամները:

«Կարող եմ ասել, որ 29-ից 4-ի մասով մեր զինվորական քննչական գլխավոր վարչության գործընկերների և ՊՆ գործընկերների համատեղ ջանքերի արդյունքում իրականացրած մեծածավալ աշխատանքի արդյունքում 4 անձի մասով արդեն իսկ հարազատները ճանաչել են»,- նշեց ՔԿ Քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս