«Չէի՞ք կարող առավոտյան անել։ Անգամ քննչական գործողություններն է արգելված կատարել գիշերը՝ բացառությամբ անհետաձգելի դեպքերի»

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՀՀ ժուռնալիստների միության նախագահ, 168-ի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանի կոչ-գրառումը՝ ուղղված ոստիկանությանը, մտահոգիչ փաստեր էր պարունակում։ Մասնավորապես՝ պարզվում է՝ «արգելված մտքերի» օրենքը ոստիկանությունը որոշել է կիրառել գիշերվա կեսին՝ այցելելով Սաթիկի տուն։

Չէի՞ք կարող առավոտյան անել։

Անգամ քննչական գործողություններն է արգելված կատարել գիշերը՝ բացառությամբ անհետաձգելի դեպքերի։

Ի դեպ, բուն «արգելված մտքերի» օրենքն էլ է, մեղմ ասած, վիճահարույց՝ հաշվի առնելով սահմանադրական դատարանին ուղղված ՀՀ ՄԻՊ-ի դիմումը։

Ի՞նչ եմ առաջարկում։ Քանի դեռ ՍԴ-ն որոշում չի կայացրել՝ առաջարկում եմ ձևավորել տարբեր հայացքներ ունեցող մարդկանցից կազմված հանձնաժողով (աշխատանքային խումբ՝ անունը ինչ ուզում եք, դրեք) – ֆորմալ կամ ոչ ֆորմալ – որը մինչև վարույթ հարուցելու, մարդկանց անհանգստացնելու ու տուգանելու որոշում կայացնելը կքննարկի կոնկրետ հրապարակումը-գրառումը-մեկնաբանությունը և եթե իրոք հանրային վտանգավորություն ունենա՝ կնպաստի դրա շտապ հեռացմանը, իսկ եթե չունենա՝ չունենա։
Պատրաստ եմ ինքս էլ մասնակցել այդպիսի ձևաչափի։

Պատերազմը օր-օրի ավելի ծանր է դառնում։ Բոլորս ենք տեսնում։ Պետք է քայլեր ձեռնարկվեն օր-օրի կուտակվող լարվածությունը նվազեցնելու, այլ ոչ թե թաքցնելու ուղղությամբ»։

Տեսանյութեր

Լրահոս