Կոսովոյի ղեկավար Հաշիմ Թաչին հրաժարական է տվել
Կոսովոյի ղեկավար Հաշիմ Թաչին հրաժարական է տվել՝ Հաագայի դատարանի կողմից՝ ռազմական հանցագործության մեղադրանքի հաստատման կապակցությամբ: Այս մասին հայտնում են միջազգային լրատվամիջոցները:
Հաշիմ Թաչին մեղադրվում է 1998-99թթ․ Սերբիայի հետ պատերազմի ժամանակ գործած ռազմական հանցագործությունների համար։ Հաագայի միջազգային դատարանի Կոսովոյի հարցերով հատուկ տրիբունալի կողմից 2020թ․ հունիսին Թաչիի և Կոսովոյի նախկին ազատագրական բանակի (ԿԱԲ) 8 այլ անդամի մեղադրանք է առաջադրվել ռազմական դաժան հանցագործությունների համար, որի հետևանքով տուժել են բազմաթիվ ալբանացիներ, սերբեր և այլ ազգերի ներկայացուցիչներ։
Հաագայի դատարանում Կոսովոյի հատուկ պալատը ստեղծվել է 2015թ․, որը նպատակ ունի հետաքննել Սերբիայից Կոսովոյի անկախացման համար մղվող պատերազմի ժամանակ Կոսովոյի պարտիզանական բանակի կողմից իրականացված հնարավոր բոլոր ռազմական հանցագործությունները։
Նոյեմբերի 5-ին Կոսովոյի հատուկ պալատը պաշտոնապես հայտարարել է Թաչիի դեմ դատական գործ հարուցելու մասին։ Թաչին մարդկության դեմ գործած հանցագործությունների համար Հաագայի դատարանի առջև առաջին անգամ կանգնել էր հուլիսի 13-ին։ Նա պահել է խոստումը և իր դեմ պաշտոնական մեղադրանք առաջադրվելուց հետո լքել է պաշտոնը։ Թաչին նշել է, որ այս քայլը նա կատարել է «Կոսովոյի նախագահության ամբողջականության պահպանման համար»։
Թաչին չի ընդունում իր վրա դրված մեղադրանքները և հայտարարում է, որ դրանք սուտ են և հետապնդում են քաղաքական նպատակներ։ Նա մասամբ ճանաչված Կոսովոյի հանրապետության հինգերորդ նախագահն է, ընտրվել էր 2016թ․ ապրիլի 7-ին։ 2008թ․ փետրվարի 17-ից մինչև 2014թ․ դեկտեմբերի 9-ը զբաղեցրել է վարչապետի, իսկ 2014թ․ դեկտեմբերից մինչև նախագահ ընտրվելը՝ արտաքին գործերի նախարարի պաշտոնները։