«Ճշտումների և երկխոսությունների հետ կապված մեր աշխատանքները կանգնած չեն». «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ

168.amի հետ զրույցում «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին տեղեկացրեց, որ հոկտեմբերի 29-ից հետո դիերի ու գերիների փոխանակման որևէ գործընթաց տեղի չի ունեցել։

«Հոկտեմբերի 29-ին եղել է աճյունների փոխանցում, կիրակի օրը նաև փոխանցել են տարեց մարդու աճյունը, որը Հայաստան է տեղափոխվել մեր աջակցությամբ»,- ասաց Զառա Ամատունին։

Հարցին՝ Ադրբեջանում գտնվող ռազմագերիների հետ կապված «Կարմիր խաչը» որևէ գործողություն իրականացնո՞ւմ է, Զ. Ամատունին պատասխանեց, որ աշխատանքների հետ կապված որևէ բան չի կարող ներկայացնել, քանի որ փակ տեղեկատվություն է։

«Հետաքրքրվելը, մենք հետաքրքրվում ենք, սակայն այլ հարց է, որ նոր այցելություններ չի իրականացվում, որպեսզի կարողանանք գնահատականներ տալ։ Ճշտումների և երկխոսությունների հետ կապված մեր աշխատանքները կանգնած չեն»,- շեշտեց նա։

Հաջորդ հարցին՝ ԿԽՄԿ-ն որևէ մեխանիզմով կարո՞ղ է նման իրավիճակում գերիների փոխանակում իրականացնել կամ ռազմադաշտից դուրս բերել դիերը, Զառա Ամատունին պատասխանեց.

«ԿԽՄԿ-ի հիմնական գործիքը տվյալ դեպքում երկխոսությունն է կողմերի հետ, որը, բնականաբար, գործարկում է, երկխոսության ընթացքում կարող են տարբեր փաստարկներ ու այլ գործողություններ լինել, որովհետև իրականում պարտավորությունը կողմերինն է։ «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեն միջնորդ, մարդասիրական կազմակերպություն է, որպեսզի հիշեցնի կողմերին բոլոր հանգամանքների ու պարտավորությունների մասին։ Այսինքն՝ այլ մեխանիզմներ մենք չունենք»։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին Ռուսաստանի Դաշնության բացառիկ միջնորդական ջանքերի շնորհիվ, ԿԽՄԿ-ի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային թիմի մասնակցությամբ հայկական կողմին էին փոխանցվել ռազմական գործողությունների ընթացքում երեսուն զոհված հայ զինծառայողների մարմինները:

Միաժամանակ, ԿԽՄԿ-ի ջանքերով Հայաստան էր վերադարձվել մեկ քաղաքացիական անձ։

Տեսանյութեր

Լրահոս