Բաքվին հայտնի է, որ իր զինվորները գործում են անմարդկայնորեն և պատերազմի բոլոր կանոններին հակառակ․ Մարկ Հենդրիքս
Հարցազրույց Մեխելեն քաղաքի քաղաքային խորհրդի անդամ, փաստաբան Մարկ Հենդրիքսի հետ
1․ Ադրբեջանական կողմը սեպտեմբերի 27֊ին պատերազմական լայնածավալ գործողություններ է սկսել Լեռնային Ղարաբաղի (Արցախի) դեմ: Ադրբեջանը միանգամից փակել է ընդդիմադիր լրատվականներն ու դադարեցրել սոցցանցերի աշխատանքը։ Ինչպե՞ս եք գնահատում խոսքի ազատության նմանօրինակ սահմանափակումը, ինչո՞ւ է պաշտոնական Բաքուն նման քայլերի դիմել։
Մարկ Հենդրիքս – Բաքուն չի սիրում գործել բաց և լիարժեք թափանցիկ, նրանց զինվորները գործում են անմարդկային և պատերազմի բոլոր կանոններին հակառակ: Իհարկե, նշվածը նաև խոսքի ազատության անընդունելի սահմանափակում է, բայց նրանց դա չի հետաքրքրում:
2․ Ադրբեջանական ուժերը թիրախավորում են խաղաղ բնակչությանը և կիրառում են անթույլատրելի զինատեսակներ, մինչդեռ միջազգային կառույցները հիմնականում խաղաղության կոչեր են հնչեցնում և գործնական քայլեր չեն ձեռնարկում ադրբեջանական ագրեսիայի դեմ։ Ինչպիսի՞ լուծում եք տեսնում Դուք, ինչո՞ւ է միջազգային հանրությունը լռում։
Մարկ Հենդրիքս – Սև ամպեր են կուտակվում: Ես իսկապես չեմ հասկանում, թե ինչու են ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն այսքան հանգիստ, և ինչու չեն գործում և դատապարտում այս ագրեսիան: Միևնույն ժամանակ, Թուրքիան նույնպես ներգրավված է: Դա շահավետ է Էրդողանին, և գործում է իբրև շանթարգել իր ներքաղաքական ձախողումների համար:
Ինչ վերաբերում է քաղաքացիական թիրախներին, դա դեմ է ամեն կանոնի, և պետք է դատապարտվի, դրա դեմ պետք է պայքարել:
3․ Ադրբեջանի գործողությունների արդյունքում տուժել են նաև լրագրողներ։ Հաշվի առնելով, որ լրագրողների մեքենաները և արտահագուստը ունեն տարբերանշաններ ու շատ լավ երևում է, որ տվյալ մարդիկ լրագրողներ են` ի՞նչ եք կարծում արդյոք Ադրբեջանը միտումնավո՞ր է թիրախավորում նրանց։
Մարկ Հենդրիքս – Անընդունելի է, որ լրագրողները չեն կարողակում կատարել իրենց աշխատանքը լիակատար անկախության և անվտանգության պայմաններում, և որ նրանք նույնպես դառնում են թիրախ: Միջազգային հումանիտար օրենքը լիովին արգելում է նմանօրինակ գործողությունները: Վախենամ՝ Ադրբեջանը գիտակցաբար է թիրախավորում լրագրողներին:
4․ Բազմաթիվ ապացույցներ կան, որ Թուրքիան իր ռազմուժով գտնվում է Ադրբեջանում, ի՞նչ եք կարծում Թուրքիայի նման ներգրավվածությունն այս պատերազմում, արդյոք վտանգ չէ՞ Եվրոպայի համար։
Մարկ Հենդրիքս – Ինչպես արդեն նշեցի, սա Էրդողանի շեղող խուսանավումն է, ճիշտ այնպես, ինչպես Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հասցեին նրա ագրեսիվ խոսքերն են: Էրդողանը շատ խնդիրներ ունի Թուրքիայի ներսում և ցանկանում է շեղել դրանցից ուշադրությունը: Չեմ կարծում, որ դա վտանգ է Եվրոպայի համար, բայց կարծում եմ, որ Եվրախորհրդարանը պետք է որոշակի աշխատանք տանի Թուրքիայի ուղղությամբ:
5․ Պրն Հենդրիքս, այն մարդիկ, որոնք այցելում են Արցախ հայտնվում են Ադրբեջանի սև ուցակում և զրկվում են Ադրբեջան մուտքի իրավունքից, ի՞նչ կարծիք ունեք նմանօրինակ սև ցուցակի գոյության մասին։
Ադրբեջանի, այսպես կոչված, «սև ցուցակ»-ը, որում ես նույնպես կամ, ապացուցում է, որ նրանք չեն կարողանում քննադատություն ընդունել։ Ես, ափսոսում եմ նման ցուցակի գոյության համար, բայց, այնպես չէ, որ դրա պատճառով քունս չի տանում:
6․ Ձեր հարազատ Մեխելեն քաղաքում, թռուցիկներ էին բաժանել, որոնցում աղավաղված էին 1914֊1915 թվականների Հայոց ցեղաապանության փաստերը։ Ի՞նչ քայլեր են ձեռնարկվել քաղաքային իշխանությունների կողմից նմանօրինակ դեպքերը կանխարգելելու համար։
Իհարկե, դա բուռն զգացմունքների տեղիք տվեց: Ոստիկանությունը հետաքննություն է սկսում։ Ինքս բացահայտորեն դատապարտեցի այն տեղական մամուլում և տեղական հեռուստատեսությամբ, որին հետևեց նաև քաղաքապետը (և, իրոք, դա այժմ տեղի քաղաքային խորհրդի կողմից ընդունված դիրքորոշում է): Մեր քաղաքի հայկական մեծ համայնքի շատ անդամներ աշխատում են մեզ հետ միասին այս հետաքննության շրջանակում։ Նրանց ղեկավարները շատ ակտիվ արձագանքում են, պահպանում են երիտասարդների հանգստությունը, ինչը հանդարտեցնում է թեժ քաղաքական մթնոլորտը:
Մարկ Հենդրիքսը (° 1968), փաստաբան է, ֆլամանդական և Բենելյուքսի պառլամենտների նախկին անդամ (2009-2019թթ.) Եղել է Մեխելեն քաղաքի փոխքաղաքապետ (2013-2019թթ.) Ներկայումս ընդդիմության ղեկավարն է քաղաքային խորհրդում։