«Այս պահի դրությամբ չեմ կարող ասել՝ Փաշինյան-Ալիև հանդիպում նախատեսվո՞ւմ է, թե՞ ոչ». Զոհրաբ Մնացականյան
«Խոսքը վերաբերում է վերիֆիկացիոն համակարգի ներդրմանը, որն այսօրվա մեր գերակա հարցերից մեկն է։ Չեմ կարող ասել, որ մենք արդեն հասել ենք դրան, բայց սա է հենց կարևորագույն հարցը, որպեսզի մենք կարողանանք իրականացնել հոկտեմբերի 10-ի ընդհանուր հայտարարության առաջին երկու կետը»,- այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի առաջարկներին՝ «թեժ գծի» և դիտորդների ներդրմանը։
Հարցին՝ պաշտոնական Երևանը ՀԱՊԿ-ին դիմելու կաշկանդվածություն ունի, քանի որ մտահոգություն ունի, որ այնտեղ կան երկրներ, որոնք կարող են այս կամ այն ձևով գործին խոչընդոտել, Զոհրաբ Մնացականյանը պատասխանեց, որ հարցը խորը վերլուծությունների և առանձին քննարկումների, սեմինարների հարց կարող է լինել։
«Պարզ և կոնկրետ պատասխանն այն է, որը ես արտահայտեցի՝ մենք մեր քայլերն իրականացնում ենք այնպես, ինչպես անհրաժեշտ ենք համարում արդյունավետության առումով»,- շեշտեց նա։
Անդրադառնալով ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի այն հայտարարությանը, որ Հայաստանը չի դիմում ՀԱՊԿ-ին, քանի որ Ռուսաստանն է այդպես ցանկացել, Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ Արման Բաբաջանյանի հետ հանդիպում են, քննարկում շատ հարցեր և շարունակելու են դա անել միասին։
Հաջորդ հարցին՝ Փաշինյան-Ալիև հանդիպում նախատեսվո՞ւմ է, ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը պատասխանեց. «Այս պահի դրությամբ ես չեմ կարող ասել՝ Փաշինյան-Ալիև հանդիպում նախատեսվո՞ւմ է, թե՞ ոչ, երբ նախատեսվի, այդ մասին, բնականաբար, կիմանաք»։
Ինչ վերաբերում է արտգործնախարարների մակարդակով հանդիպումներին, Զոհրաբ Մնացականյանն ասաց, որ վերջին անգամ հանդիպել են հոկտեմբերի 30-ին Ժնևում.
«Այդ առումով աշխատանքն առօրյա է համանախագահների հետ, և բոլոր մակարդակներով համանախագահների հետ մեր աշխատանքները շարունակվում են։ Ամեն ինչ իրավիճակային է, և այդ իրավիճակային զարգացումների մեջ մենք հետապնդում ենք շատ կոնկրետ նպատակներ, որոնք արտահայտված են չորս կետերի մեջ, որը հրապարակվեց հոկտեմբերի 10-ին։ Միացյալ Նահանգների ներգրավումը եղել է շատ ակտիվ, և ես կարող եմ ասել, որ այդ ակտիվությունը շարունակվելու է։ Անկախ ամեն ինչից, վստահ ենք, որ մեր աշխատանքներն ԱՄՆ-ի հետ շարունակվելու են։ Վստահ եմ, որ բոլորդ էլ տեսել եք երեք համանախագահող երկրների ակտիվությունը»,- ընդգծեց Զոհրաբ Մնացականյանը։