
Ռուսաստանը եւ Ավստրիան կուժեղացնեն համագործակցությունը ահաբեկչության դեմ պայքարում

Ավստրիայում Ռուսաստանի դեսպան Դմիտրի Լյուբինսկին հայտարարել է, որ Մոսկվան եւ Վիեննան կուժեղացնեն համագործակցությունը ահաբեկչության դեմ պայքարի գործում՝ Ավստրիայի մայրաքաղաքում իրականացված ահաբեկչությունից հետո:
«Ավստրիան շատ պատասխանատու եւ կշռադատված քաղաքականություն է վարում անվտանգության ապահովման հարցերում, ուստի ես չեմ կարծում, որ այստեղ կարող է դրա որեւէ արմատական փոփոխություն լինի:
Բայց այն, ինչը նշված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ցավակցական հեռագրում, պատրաստակամությունն է ամենասերտ փոխգործակցությանը ահաբեկչության դեմ մղվող պայքարում. ես կարծում եմ, որ այդ ուղղությունը նոր զարգացում կստանա մեր երկկողմ կապերի բնագավառում: Եվ այդ դրույթը մենք գործնականում արդեն իրականացնում ենք»,- հայտարարել է դեսպանը՝ հանդես գալով Առաջին ալիքի եթերում:
Նոյեմբերի 2-ի երեկոյան Վիեննայի կենտրոնում մի շարք հարձակումներ են կատարվել հրաձգությամբ, գրոհի օբյեկտներից մեկը, ԶԼՄ-ների տվյալներով, դարձել է Շտադտթեմպել քաղաքի գլխավոր սինագոգը: Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը հայտարարել է, որ տեղի ունեցածը ահաբեկչական գործողություն է: Զոհվել է չորս մարդ: Իրավապահ մարմինների տվյալներով՝ հարձակողներից մեկն սպանվել է, առնվազն մեկին դեռ փնտրում են: Ավստրիայի ՆԳ նախարար Կառլ Նեհամերը հայտարարել է, որ Վիեննայում սպանված հրաձիգը «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման կողմնակից էր, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: