Իր ժողովրդի անվտանգությունն Իրանի զինված ուժերի կարմիր գիծն է. Հեյդարի
Իրանի բանակի ցամաքային ուժերի հրամանատար Քիոմարս Հեյդարին երկու անգամ այցելել է Խոդաֆարինի շրջան և Արաքս գետի առափնյա հատվածներ և արձանագրել, որ Իրանի սահմաններին մինչև օրս որևէ վտանգ չի սպառնում: Այս մասին Հեյդարին ասել է իրանական «Irna» գործակալությանը տված հարցազրույցում:
«Մենք այնտեղ ծառայություն ենք իրականացնում: Ամբողջությամբ դիտարկում ենք նաև սահմանից այն կողմ տեղի ունեցող զարգացումները: Ուժերը, որը պետք էր տեղակայել, տեղակայել ենք և եթե պետք է լինի կամրապնդենք»,- նշել է Հեյդարին:
Իրանի բանակի ցամաքային ուժերի հրամանատարն ընդգծել է, որ իր ժողովրդի անվտանգությունը Իրանի զինված ուժերի կարմիր գիծն է, իսկ մյուս կարմիր գիծը այն է, որ Իրանը չի հանդուրժելու տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունում որևէ փոփոխություն: