
Փորձագետը պատմել է, թե ինչպիսին կլինեն Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հարաբերություններն ընտրություններից հետո

Ամերիկյան Էլիտան Ռուսաստանը համարում է ոչ թե գործընկեր, այլ մրցակից կամ նույնիսկ թշնամի. ուստի քաղաքական թիմերից ոչ մեկը ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում հաղթանակ տանելու դեպքում չի ջանա կարգավորել նրա հետ հարաբերությունները:
Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել է FinExpertiza միջազգային աուդիտորա-կոնսալտինգային ցանցի տնօրենների խորհրդի անդամ Աղվան Միքայելյանը: ԱՄՆ-ի նախագահական ընտրություններն անցկացվելու են նոյեմբերի 3-ին, մի շարք նահանգներում արդեն ընթանում է վաղաժամկետ քվեարկություն:
Ընտրություններում մրցակիցներն են՝ հանրապետականներից թեկնածու եւ Սպիտակ տան գործող նախագահ Դոնալդ Թրամփը եւ դեմոկրատներից թեկնածու Ջո Բայդենը: «Այժմ ողջ ամերիկյան Էլիտան Ռուսաստանը համարում է ոչ թե գործընկեր, այլ մրցակից, իսկ եթե ավելի ստույգ՝ գործնականում թշնամի: Ուստի երկու թիմերից ոչ մեկը չի ձգտի կարգավորել Ռուսաստանի հետ հարաբերությունները: Այսինքն՝ Ամերիկան ռուսաստանյան շահերի տեսակետից ընտրություն է կատարում ոչ թե Ռուսաստանի համար վատ եւ լավ տարբերակների միջեւ, այլ վատի եւ ավելի վատի միջեւ»,-կարծում է Միքայելյանը:
Նրա խոսքով՝ Թրամփը եւ Բայդենը շահագրգռված չեն ռուս-ամերիկյան հարաբերությունների կարգավորմամբ:
«Սակայն, դրա հետ մեկտեղ, դեմոկրատների մոտ անհամեմատ ավելի շատ է բացասական վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ, քան անձամբ Թրամփի մոտ:
Միեւնույն ժամանակ տեսականորեն, եթե Բայդենը կարողանա կարգավորել հարաբերությունները Չինաստանի հետ եւ հրաժարվի պրոտեկցիոնիստական միջոցառումներից, ապա դա կհանգեցնի ֆոնդային շուկաների կայունացման եւ միջազգային առեւտրի աճի, ինչը դրականորեն կանդրադառնա Ռուսաստանի տնտեսության վրա»,-կանխատեսում է գործակալության զրուցակիցը:
«ԱՄՆ-ի պրոտեկցիոնիզմը եւ առեւտրական պատերազմը Չինաստանի հետ շուկաների կողմից ընկալվում է որպես միանշանակ բացասական ազդակ, որը նշանակում է տնտեսական աճի սահմանափակում: Պրոտեկցիոնիստական միջոցառումները հզոր զսպող գործոն են տնտեսության համար: Ուստի դրանց ցանկացած թուլացում ներդրողների եւ գլոբալ բիզնեսի մոտ որոշակի հույսեր է արթնացնում»,-եզրափակել է նա: