
Նախատեսվում է բարձրացնել կիբեռանվտանգության և ինտերնետ հասանելիության մակարդակը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը 2021 թ. նախատեսում է մի շարք միջոցառումներով երկրում բարձրացնել կիբեռանվտանգության մակարդակը:
ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների hամատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն այս մասին ասաց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:
«2021 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նաագծով Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը նախատեսվում է հատկացնել շուրջ 9.1 մլրդ դրամ, այդ թվում՝ 1.1 մլրդ դրամը ապարատի պահպանման ծախսերն են: Այս հատկացումների շրանակում նախարարությունը 2021-ին նախատեսում է իրականացնել մի շարք ծրագրեր և միջոցառումներ»,- ասաց Արշակյանը:
Նախատեսվում է, օրինակ, պաշտպանության ոլորտում իրականացնել հետազոտական և նախագծային աշխատանքներ: «Նախատեսվում է բարձրացնել կիբեռանվտանգության և ինտերնետ հասանելիության մակարդակը Հայաստանում»,- ասաց նախարարը:
Նշված նպատակների իրագործման համար իրականացվելու են մասնագետների պատրաստման «Բուհ-մասնավոր համագործակցություն» (380 մլն դրամ), «Գաղափարից բիզնես» դրամաշնորհային ծագիր (1 մլրդ դրամ), «Հայկական վիրտուալ կամուրջ», որի շրջանակում տեղի և այլ երկրների ստարտափ ընկերությունների միջև կամուրջ կստեղծվի (1.18 մլրդ դրամ) և այլ ծրագրեր: