3․3 միլիարդ դրամ՝ խորհրդատվության համար

2021 թվականի  պետական բյուջեի նախագծով Տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը  միայն ճանապարհաշինության համար նախատեսված է հատկացնել 33 միլիարդ դրամ, որից միայն Հայաստան-Վրաստան սահմանային ավտոճանապարհի համակարգման և կառավարման համար նախատեսված է 2․3 միլիարդ դրամ, իսկ նույն նպատակով Հյուսիս-Հարավի համար նախատեսված է 1,1-1,3 միլիարդ դրամ։

Նշենք, որ ավտոճանապարհների համակարգում և կառավարում նշանակում է՝ խորհրդատվություն։

Այսինքն` միայն նշված ավտոճանապարհների կառուցման համար խորհրդատվություն ստանալու համար 2021 թվականի պետբյուջեով  նախատեսված է 3․3 միլիարդ դրամ գումար։

Ազգային ժողովի «Իմ  քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանն այսօր բյուջեի նախագծի քննարկման ժամանակ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանից  հետաքրքրվեց՝ ինչո՞վ է պայմանավորված միայն խորհրդատվական ծառայությունների համար այսքան գումարի հատկացումը, մասնավորապես, երբ Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի հետ կապված որևէ աշխատանք չի կատարվում։

Հարցին ի պատասխան՝ նախարարի տեղակալը նշեց, որ այս պահին Թալին-Գյումրի ավտոճանապարհին աշխատանքներ են իրականացվում և իրականացվող շինարարության պայմաններում ինժեներական խորհրդատվությունը պարտադիր պայմանն է, և անկախ իրականացվող վերակառուցման աշխատանքների մասշտաբներից՝ խորհրդատվություն տվող մասնագետները պետք է մշտապես լինեն հասանելի։

Ըստ փոխնախարարի՝ խորհրդատվություն իրականացնողները միջազգային հայտնի ընկերություններ են, որոնք նույն աշխատանքն իրականացնում են նաև Վրաստանում և Ադրբեջանում, սակայն, ի տարբերություն նշված երկրների, Հայաստանում մատուցվող ծառայություններն ավելի էժան են։

Տեսանյութեր

Լրահոս