Հայաստանում խաղաղ ակցիայի մասնակիցները կազմակերպել էին ՄԱԿ-ի «հուղարկավորությունը»

Ի պատախան միջազգային հանրության լռության՝ քաղաքացիները խաղաղ ակցիա են իրականացրել Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց՝ ծաղկեպսակով զետեղելով ու կազմակերպելով կառույցի «հուղարկավորությունը»: Նրանք նաև խունկ են ծխել: Ծաղկեպսակի վրա գրված էր «Հայ հասարակության անունից ՄԱԿ-ի հիշատակին»:

Ակցիայի մասնակիցներից մեկը նշեց, որ իրենք տպավորություն ունեն, թե կառույցը դեռ վաղուց է մահացած եղել: «Երբ մտահոգություններ են հայտնում, երկուստեք հայտարարություններ են արվում, այդ ամենը վիրավորական է Հայաստանի համար: Ամբողջ աշխարհին պարզ է, թե ինչ է կատարվում, սակայն միայն ասել, որ ընդամենը պետք է զսպվածություն ցուցաբերել ու հարգել հրադադարի կոչը, ուղղակի ծաղրի է ենթակա: Մեր այս քայլը պատասխան է իրենց նմանատիպ արձագանքին»,- նշեց մասնակիցը: Ներկայացնելով իրենց պահանջը՝ նա ասաց, որ միջազգային հանրությունը պետք է դադարեցնի կոչերը, տա հստակ գնահատականներ, ծրագիր մշակի, որը կբխի մարդասիրական, միջազգային նորմերից, ինչն էլ իր հերթին վերջ կդնի Արցախում տիրող իրավիճակին:

 

Տեսանյութեր

Լրահոս