Հայտնի է դարձել Վիեննայում իրականացված հարձակմանը ջիհադիստների մասնակցության մասին
SITE Intelligence Group պորտալը, որը հետեւում է ահաբեկիչների գործունեությանը ինտերնետում, հայտարարել է Վիեննայում իրականացված ահաբեկչական գրոհներին ջիհադիստների մասնակցության մասին:
Կայքի տվյալներով՝ ջիհադիստները հայտարարում են, որ Վիեննայում հարձակումը «փոխհատուցում է ԴԻԱՇ-ի («Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորում) դեմ պայքարի նպատակով ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիային Ավստրիայի մասնակցության դիմաց»: Ինչպես հաղորդվել է, առնվազն 15 մարդ վիրավորվել եւ երկուսը՝ զոհվել են (զոհվածներից մեկը հարձակվողներից է) ահաբեկչության հետեւանքով, որը նոյեմբերի 2-ի երեկոյան իրականացվել է Վիեննայում՝ կորոնավիրուսի համավարակաի կապակցությամբ հանրային խիստ սահմանափակումների ուժի մեջ մտնելու նախօրյակին:
Հրաձգությունն սկսվել է Շվեդենպլաց հրապարակից ոչ հեռու, Շտադտթեմպել քաղաքի գլխավոր սինագոգի մերձակայքում: Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը ORF հեռուստաալիքի եթերում հաստատել է, որ ոստիկանությունը տեղի ունեցածը որակում է որպես ահաբեկչական գործողություն: Սկզբում կարծում էին, որ հարձակման նպատակը եղել է սինագոգը, բայց հետո այդ հաղորդագրությունները չեն հաստատվել: Առկա տեղեկատվության համաձայն, հարձակվողները եղել են մի քանի հոգի, նրանցից մեկը գնդակահարվել է:
Հարձակվողներն օգտագործել են երկարափող հրաձգային զենք: Հանցագործներին բռնելու գործողությունը շարունակվում է, դրանում գործի են դրվել քաղաքի ոստիկանների մեծ մասը եւ զինվորականներ: Հաղորդվում է, որ հրաձգությունը տեղի է ունեցել քաղաքի առաջին շրջանի վեց վայրերում՝ Մորցինպլատցում, Զալցգրիսում, Զայտենշտետտենգասսեում, Գրաբենում, Բաուերնմարկտում եւ Ֆլայշմարկտում: Ավստրիայի ՆԳ նախարարությունում նաեւ հաղորդել են, որ ընդլայնել են ահաբեկիչների որոնման գոտին, քանի որ չեն բացառում, որ նրանց հաջողվել է լքել Վիեննան, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: