Թշնամու կարճաժամկետ ծրագիրը Շուշիի գրավումն ու Լաչինի միջանցքի փակումն է. բնական է, մենք թույլ չենք տա». Դավիթ Բաբայան

Արցախում իրավիճակը նույնն է, որևէ փոփոխություն չի կրել։ Հակառակորդը շարունակում է գրոհները, հրետակոծել քաղաքները։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանը։

«Վաղ առավոտյան ուժգին հրետակոծվել է Շուշին, Մարտակերտը, Մարտունին և մի շարք խաղաղ բնակավայրեր։ Մի քանի ուղղություններով էլ թշնամին խոշոր գրոհներ է ձեռնարկել, բնական է, որ Պաշտպանական բանակը կանգնած է իր դիրքերում և ընդհանուր առմամբ ապահովում է պետության ու ժողովրդի անվտանգությունը»,-  նշեց Դավիթ Բաբայանը։

Դավիթ Բաբայանի խոսքով՝ թշնամին մի քանի նպատակ ունի՝ Շուշիի գրավումը, Բերձորի գրավումն ու Լաչինի կարևորագույն ճանապարհին տիրանալը։

«Այս ամենից զատ, թշնամին նաև ձգտում է մարդկանց ահաբեկել Արցախի ներսում և խորանալ, կաթվածահար անել, որպեսզի հետագայում դա վերականգնելը դժվար լինի, որ մարդիկ չցանկանան վերադառնալ այնտեղ։ Սա երկարաժամկետ ծրագիրն է, իսկ կարճաժամկետը՝ Շուշիի գրավումն ու Լաչինինի միջանցքի փակումն է։ Բնական է, մենք դա թույլ չենք տա»,- նշեց Դավիթ Բաբայանը։

Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ Իսրայելն օգնում է թուրք ահաբեկիչներին, որոնք կռվում են Արցախի դեմ, Դավիթ Բաբայանն ասաց, որ Իսրայելում կա ոչ միանշանակ իրավիճակ։

«Մենք կապի մեջ ենք հասարակական տարբեր հատվածների, հասարակական գործիչների, վերլուծաբանների հետ, հետևաբար՝ կարող եմ ասել, որ Իսրայելի ժողովրդի գերակշիռ մասը հասկանում է մեր պայքարը և հոգով մեզ հետ է։ Իսրայելի կառավարությունում կան, այսպես ասած, որոշ խմբավորումներ, որոնք սերտ փոխգործակցություն են իրականացնում Ադրբեջանի և Թուրքիայի հետ, և ստեղծվում է շատ տարօրինակ իրավիճակ։ Այսինքն՝ Թուրքիայի նախագահ Էրդողանը, որն ասում է, որ Երուսաղեմը պետք է ազատագրվի, որն Ադոլֆ Հիլտերին անվանել է արդյունավետ կառավարիչ, իր կուռքն է համարում, փաստորեն ստացվում է, որ Իսրայելի որոշ պաշտոնական շրջանակներ գործարքի մեջ են մտնում նացիստների հետ։ Սա ոչ միայն միջազգային իրավունքի տեսանկյունից ճիշտ չէ։ Այսինքն՝ ստացվում է՝ Հոլոքոստի ժառանգները գործարքի մեջ են մտնում ֆաշիստների երկրպագուների հետ։ Իսրայելում սա շատ լավ են հասկանում, և ոչ միայն Իսրայելում։ Հետևաբար՝ հրեա ժողովուրդը մեզ համար բարեկամ ժողովուրդ է, բայց նրա պաշտոնական որոշ շրջանակներ ունեն սերտ կապեր, որը խայտառակություն է և Հոլոքոստի զոհերի հիշատակի անարգանք»,- շեշտեց Դավիթ Բաբայանը։

Նա ընդգծեց, որ տվյալ դեպքում պետք է ձերբազատվել պատրանքներից և այնպես անել, որ երկկողմ հարաբերությունները զարգացնեն, նաև՝ էլ ավելի զարգացնեն հարաբերությունները եղբայրական երկրների հետ։

Ինչ վերաբերում է թշնամու կողմից Արցախում սպիտակ ֆոսֆորի օգտագործմանը և դրա հետ կապված միջազգային հանրության արձագանքին, Դավիթ Բաբայանը նկատեց՝ այդ ամենի հետ կապված միջազգային կառույցները բավարար արձագանք չեն տալիս, և չպետք է միամտորեն սպասել, որ կլինի նման արձագանք։

«Հիմա գոնե մենք պետք է կտրականապես վերանայենք մեր մոտեցումները, մեզ կոտորում են՝ արձագանք չկա, հետևաբար՝ մեր ճակատագիրը չպետք է կապենք այս կամ այն միջազգային կազմակերպության հետ»,- նշեց Դավիթ Բաբայանը։

Տեսանյութեր

Լրահոս