Ադրբեջանն ավիացիոն հարվածներ է հասցրել Շուշիին, կիրառել կասետային ռումբեր. զոհեր ու վիրավորներ չկան
Բերդաքաղաք Շուշիում նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերի ծանր զինատեսակներից հասցրած հարվածների հետևանքով քաղաքի տարբեր հատվածներում կան ավերածություններ:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը, ներկայացնելով առավոտյան ժամը 09:20-ի սահմաններում տիրող իրավիճակը: «Մի քանի անգամ հարվածել են Շուշի քաղաքին. ինքնաթիռ էր, որի միջոցով օգտագործել են կասետային ռումբեր, որոնք թափվել են քաղաքի տարբեր հատածներում, մնացորդներն էլ ընկել են Քարին Տակ գյուղում: Փառք Աստծո, խաղաղ բնակչության շրջանում զոհեր և վիրավորներ չունենք, սակայն քաղաքի տարբեր հատվածներում ավերածություններ կան: Երեկ էլ էին ավիացիայով հարվածներ հասցնում քաղաքին, այսօր էլ շարունակում են»,- նշեց Սարգսյանը:
Նա հայտնեց, որ դեռ չգիտեն, թե հարվածների հետևանքով ինչ ենթակառուցվածքներ են վնասվել, դեռ պետք է ուսումնասիրեն: Շուշիի քաղաքապետը շեշտեց, որ վնասված ենթակառուցվածք ունենալու դեպքում տեղի մասնագետները շատ արագ կարողանում են վերականգնել: «Խաղաղ բնակչությունը ներկա պահին ռմբապաստարաններում է, նրանք պահում են անվտանգության կանոնները, ապահով են»,- ասաց Սարգսյանը: