Բաժիններ՝

Ավելի քան 80 փորձագետներ հայտարարել են աշխարհում ժողովրդավարության ճգնաժամի մասին

Ժողովրդավարությունը բախվել է լուրջ համաշխարհային ճգնաժամի: Այդ մասին նոյեմբերի 1-ին հաղորդել է The Washington Post հրատարակությունը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Իսրայելի եւ Իտալիայի՝ ավտորիտարիզմի եւ ֆաշիզմի ուսումնասիրման գծով ավելի քան 80 փորձագետների բաց նամակը:

«Մենք այդ բոլոր միտումները տեսել ենք անցյալի՝ մեր կողմից (գիտնականների) ուսումնասիրության ընթացքում, եւ մենք գիտակցում ենք արդի աշխարհում ժողովրդավարության ճգնաժամի նշանները»,-գրել են հետազոտողները: «COVID-19-ի համավարակն ամբողջ երկրագնդում լուրջ անհավասարություններ է հայտնաբերել դասակարգային ու ռասայական հողի վրա»,-շարունակել են նրանք:

Վերջին չորս տարվա ընթացքում, ըստ գիտնականների դիտարկումների, ուժեղ առաջնորդի կերպարով «փրկություն գտնելու» մարդկության ցանկությունն այժմ «մեծ է, ինչպես երբեք»: Դրա հետ մեկտեղ հեղինակներն ընդգծել են, որ անկախ այն բանից, թե ինչպես վերաբերվել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին, որը ձգտում է վերընտրվել, ժողովրդավարության սպառնալիքը նրա հետ չի եկել եւ կապված չէ միայն 2020 թվականի նոյեմբերի 3-ին նախագահական ընտրությունների ելքի հետ: Սակայն, նշում է The Washington Post-ը, գիտնականներն աջակցություն չեն հայտնել Ջո Բայդենին՝ Թրամփի մրցակցին, այլ դրա փոխարեն նշել են ազգայնականության եւ համավարակի հետեւանքների վտանգները, որոնք կապված չեն ապագա ընտրությունների արդյունքների հետ:

Հետազոտողները կոչ են արել «երես դարձնել կարծրացած էլիտաների իշխանությունից եւ վերադառնալ օրենքի իշխանությանը», պաշտպանել իմացության գիտական մեթոդը, ԶԼՄ-ները, էլեկտորալ գործընթացը եւ բազմակարծությունը, պայքարել ապատեղեկատվության եւ քաղաքական բռնության դեմ: «Եթե մենք դա չանենք, ապա մեզ իրապես առջեւում դժվարին օրեր են սպասում»,-ամփոփել են նամակի հեղինակները, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս