Թրամփը չի բացառել ընտրություններից հետո ԱՄՆ-ի գլխավոր վարակաբանին հեռացնելը
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ակնարկել է, որ նախագահական ընտրություններից հետո իր հաղթելու դեպքում կարող է Միացյալ Նահանգների գլխավոր վարակաբան Էնթոնի Ֆաուչիին հեռացնել այն պատճառով, որ նա «շատ հարցերում ճիշտ չի եղել»:
«Ոչ ոքի մի ասեք, բայց թույլ տվեք փոքր-ինչ սպասել ընտրություններից հետո: Ես գնահատում եմ այդ խորհուրդը»,- Մայամիում կայացած հանրահավաքի մասնակիցներին ասել է Թրամփը՝ արձագանքելով «հեռացնել Ֆաուչիին» բազմության կոչին:
«Նա շատ հարցերում ճիշտ չի եղել: Նա շատ լավ մարդ է, բայց բազմաթիվ անգամ սխալվել է»,-հավելել է նախագահը: ԱՄՆ-ի ղեկավարը հիշեցրել է, որ Ֆաուչին հորդորել է «ոչ մի պարագայում դիմակ չկրել», «չպաշտպանվել Չինաստանից», իսկ ավելի ուշ հայտարարել է, որ «նախագահ Թրամփը տասնյակ հազարավոր կյանքեր է փրկել» սահմանները ժամանակին փակելու պատճառով: Ավելի վաղ հոկտեմբերին Թրամփն ասել է, որ մարդիկ «հոգնել են» մշտապես կորոնավիրուսի մասին լսելուց:
«Մարդիկ հոգնել են COVID-ից: Նրանք ասում են. «Արեք ինչ ուզում եք, միայն մեզ հանգիստ թողեք»:
Մարդիկ հոգնել են Ֆաուչիին եւ այդ բոլոր ապուշներին լսելուց»,-իր հերթին Politico հրատարակությունը մեջբերում է նախագահի խոսքը՝ նախընտրական շտաբի աշխատակիցների հետ նրա զրուցի ժամանակ: ԱՄՆ-ի ղեկավարը Ֆաուչիին անվանել է «աղետ», բայց դրա հետ մեկտեղ նշել, որ խնդիրն էլ ավելի մեծ կլինի, եթե նա հեռացվի:
Ինչպես նշել է The Guardian բրիտանական հրատարակությունը, Ֆաուչին աշխահի առաջատար փորձագետներից մեկն է վարակիչ հիվանդությունների գծով: Շուրջ 30 տարի նա զբաղեցրել է Ալերգիայի եւ վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրենի պաշտոնը, Ֆաուչին Սպիտակ տանն առընթեր COVID-19-ի աշխատանքային խմբի առաջատար փորձագետներից մեկն է: Նա քանիցս հնչեցրել է կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների խստացման անհրաժեշտությունը՝ վարակի սրընթաց տարածման պատճառով: Դրա հետ մեկտեղ արժե նշել, որ Թրամփն այդ մոտեցման կողմնակիցը չէ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: