Սևանում ավարտին է մոտենում հինգ բակային ճանապարհների հիմնանորոգման ծրագիրը
Սեւան քաղաքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող ծրագրերի շրջանակներում ավարտին են մոտենում բազմաբնակարան հինգ շենքեր տանող բակային ճանապարհների հիմնոնորոգման աշխատանքները, որոնք մեկնարկել էին օգոստոս ամսին։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, ծրագրի շրջանակում հիմնանորոգվում են Սեւան համայնքի 2-րդ եւ 3-րդ միկրոթաղամասերի, Շահումյան փողոցի 35, 37, 37 ա եւ Կարմիր բանակի փողոցի 54, Նալբանդյան փողոցի 37, 39, 41, 43, 45, 47, 49, 51, Շինարարների 2 շենքերի բակային տարածքների ճանապարհները: Ասֆալտբետոնե ծածկույթի ընդհանուր մակերեսը 11 հազար 057 քառակուսի մետր է:
Շինարարական աշխատանքներն իրականացվում են «Ճանշին» ընկերության կողմից: Ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 132 միլիոն դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Սեւանի համայնքապետարանը։ Իրականացվել են եզրաքարերի ապամոնտաժման եւ վերատեղադրման, անհրաժեշտության դեպքում՝ նոր եզրաքարերի տեղադրման, ճանապարհների հիմնատակի ուղղման եւ հարթեցման, խճային հիմքի կառուցման, դիտահորերի եւ ջրընդունիչների բարձրացման կամ իջեցման, ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներ:
Շինարարական աշխատանքներն իրականացված են մոտ 80-90 տոկոսով։