«Նոր քաղաքական կամ նորաստեղծ ուժերը որոշեցին բռնել Նիկոլ Փաշինյանի ճանապարհը». Գորգիսյան
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն այսօր Ազգային ժողովում ընթացող արտահերթ նիստին չմասնակցեց երկու պատճառով. Նախ՝ ներկայացված նախագծերը շարունակում էին ընթացող հակասահմանադրական գործողությունները ու չցանկացան դրա մաս կազմել, երկրորդ՝ խորհրդարանում հայտնվելը լուրջ վտանգ է ներկայացնում, քանի որ կան վարակակիր պատգամավորներ, իսկ վարակակիրների հետ շփված պատգամավորները 14-օրյա կարանտին չեն պահել։ Այսօր 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը։
Պատգամավորը չի կիսում իրենց խմբակցության հասցեին հնչող քննադատություներն առ այն, որ որպես ընդդիմադիր ուժ՝ չեն կանխել Սահմանադրության խախտմամբ Սահմանադրական դատարանի հարցի լուծումը։
«Մենք դիմելու ենք Սահմանադրական դատարան՝ այդ քայլը վիճարկելու համար, իսկ այն մեղադրանքները, թե մեր դիմումը ժամանակավրեպ է և այլն, սխալ են, որովհետև ՍԴ-ն կարող է այս բոլոր պրոցեսները հետ բերել նախկին վիճակին՝ անգամ նոր դատավորներով համալրվելուց դեպքում։ Մենք չենք կարծում, որ նոր նշանակված դատավորները կլինեն քաղաքականացված»,- ասաց Գորգիսյանը։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամը հավաստիացրեց՝ իրենց ուժերի ներածին չափով թույլ չեն տալու քաղաքական մեծամասնությանն անօրինականություն իրականացնել Սահմանադրական դատարանում, բայց չեն պատրաստվում առաջնորդվել ընդդիմադիրների քննադատությամբ ու դրան գնալ հապշտապ քայլերով, թեև դրա համար արժանանում են արտախորհրդարանական տարբեր ուժերի քննադատությանը։
«Երբ նախկինները իրենց կույսի տեղ դրած՝ գալիս են քաղաքական դաշտ և փորձում քննադատել մեզ, գործող իշխանություններին, և այլն, մենք ստիպված ենք լինում նրանց հիշեցնել՝ պարոնա՛յք, դուք սուրբ չեք, և եթե մենք քննադատում ենք գործող իշխանություններին նրանց թերացման համար, դա չի նշանակում, որ պատրաստ ենք օգնել ձեզ որևէ հարցով, որ վերադառնաք իշխանության. այս գիտակցումն է բերել նրան, որ հին ուժերը որոշել են հարձակվել մեզ վրա»,- ասաց պատգամավորը։
Հարցին՝ իսկ ինչո՞ւ են սկսել վարչապետ Նիկոլ Փաշինյանի նման՝ իրենց քննադատող ցանկացած ուժի կապել նախկինի ու թալանի հետ, ու ո՞վ է որոշել, որ ԼՀԿ-ն հին չէ, Գևորգ Գորգիսյանն ասաց.
«Նոր քաղաքական կամ նորաստեղծ ուժերը որոշեցին բռնել Նիկոլ Փաշինյանի ճանապարհը՝ սևացնել բոլորին ու ասել՝ ով մեզ հետ չի, նա թշնամի է։ Նրանք հույս ունեին, որ մենք միասին պետք է հաղթահարենք Նիկոլ Փաշինյանին ու օգնել նրանց վերադառնալ, բայց մենք տեսնում ենք, որ իրենց այս քայլերով ցույց տվեցին, որ ոչ թե գաղափարի համար են մտել քաղաքական դաշտ, այլ կոնկրետ խմբային շահ սպասարկելու։ Արտախորհրդարանական ուժերի այս բառապաշարի մեղավորն էլ է Նիկոլ Փաշինյանը, որովհետև այս ուժերը Փաշինյանին պատասխանում են նույն բառամթերքով, մեկ-մեկ էլ այդ ճանապարհին մեզ են այդ բառամթերքով պատասխանում»։
Դիտարկմանը՝ փաստորեն, երբ արտախորհրդարանական ուժերն Ազգային ժողովոմ տեղի ունեցած ծեծկռտուքից հետո «Լուսավոր Հայաստանին» սատարող հայտարարություններով հանդես եկան, այդ ժամանակ այդ նորաստեղծ ուժերը խմբային շահ չէին սպասարկում, բայց երբ քննադատում են՝ դառնում են այդպիսին, Գորգիսյանը պատասխանեց.
«Այդ ծեծկռտուքից հետո բոլոր քաղաքական ուժերը պարտավոր էին հանդես գալ քննադատությամբ, և էնպես չէ, որ հերոսություն են արել մեր հարգարժան գործընկերները»։
Հարցազրույցի մանամասները՝ տեսանյութում