«Մարդկանցից շատերը մտածել էին, որ, եթե այսօր իրենց գույքահարկը 20.000 դրամ է, ապա հետո դառնալու է 300 կամ 400.000 դրամ». Թունյանը՝ «բնիկ երևանցի» ֆլեշմոբի մասին
ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն այսօրվա ասուլիսի ընթացքում տեղեկացրեց, որ գույքահարկի բարձրացման մասին հեռավար քննարկում է ունենալու վաղը «բնիկ երևանցիների» հետ:
Հիշեցնենք՝ գույքահարկի բարձրացման դեմ «բնիկ երևանցի» հեշթեգով ֆլեշմոբ էր սկսվել, երբ հունիսի 25-ին Ազգային ժողովն արտահերթ ընթացակարգով ընդունել էր «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը, որով 2021 թվականի հունվարի 1-ից 3-5 %-ով կբարձրացվի գույքահարկը: Ի պատասխան այն հարցադրմանը, թե Բաբկեն Թունյանը մարդկանց քննարկման է կանչում օրենքն ընդունելուց հետո, նշեց, որ շարժումն էլ օրենքի ընդունումից հետո է սկսվել: Լրագրողի հարցին, թե չկա՞ մտավախություն, որ սա կարող է հանրային լուրջ ընդվզման առիթ դառնալ, պատգամավորն արձագանքեց.
«Ընդհանրապես չունեմ նման մտահոգություն, որովհետև էս մի քանի օրվա շփումների ընթացքում ինձ համար հասկանալի դարձավ, որ մենք այդտեղ ունենք ընդամենը կամ հիմնականում կոմունիկացիայի խնդիր: Մարդկանցից շատերը մտածել էին, որ, եթե այսօր իրենց գույքահարկը 20.000 դրամ է, ապա հետո դառնալու է 300 կամ 400 հազար դրամ»:
Պատգամավորը մի շարք օրինակներով պարզաբանեց, թե որքան էին վճարում քաղաքացիները մինչև հիմա և որքան են վճարելու ապագայում:
«Արգիշտի փողոցում 6700 դրամ գույքահարկ վճարողները 2026-ին 14 հազար են վճարելու, առաջին տարում 3500 են վճարելու: Նալբանդյան փողոցում 75 քմ-ի համար 25.000 դրամ վճարողները 71 հազար դրամ են վճարելու, առաջին տարում՝ 18000 դրամ: Մինչև 1975 թ.-ը շենքերի դեպքում, մեր բնիկ երևանցիներինը ընկնում են հիմնականում այս սեգմենտի տակ, որ ասում են՝ 30-40 տարի նույն տանն ապրել ենք, Տիգրան Մեծ փողոց՝ 17000 դրամ՝ 70 քմ բնակարանի համար, առաջին տարում՝ 4000 դրամ, Մոսկովյան փողոցում 75 քմ-ի համար՝ 28.000 դրամ, առաջին տարում՝ 7000 դրամ»,- ասաց Թունյանը:
Պատգամավորը հույս հայտնեց, որ էլեկտրոնային հաշվիչի ներդրումից հետո, երբ քաղաքացիները հաշվեն, թե որքա՞ն են վճարելու, մտահոգությունները կփարատվեն: