«Երբևիցե «Լուսավոր Հայաստանը» չի վախեցել դեմ դուրս գալ «Իմ քայլին», բայց թույլ չենք տա մեզ օգտագործել»․ Կարեն Սիմոնյան
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը փորձել է հուլիսի 7-ին Սահմանադրական դատարանում քննվող Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի իրավական գործընթացների վրա քաղաքական ստվեր չգցել, դրա համար էլ որոշել է սահմանադրական փոփոխությունների մասին օրենքի սահմանադրականության հարցը վիճարկել Սահմանադրական դատարանում՝ ոչ թե հիմա, այլ՝ հետո։ Այսօր 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը։
«Մենք որևէ գործընթաց չենք մեռցնում, անում ենք այն, ինչ թույլ է տալիս օրենքը, ըստ որի, եթե կա վեճ սահմանադրական մարմինների միջև, այդ հարցով կարելի է դիմել Սահմանադրական դատարան երեք ամսվա ընթացքում, իսկ թե ինչու է սահմանվել այդքան ամիս՝ պարզ է. որ հիմնավոր դիմում կարողանան կազմել»,- ասաց Կարեն Սիմոնյանը։
Դիտակմանը, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության համար ի՞նչ տարբերություն, Սահմանադրական դատարանն ի՞նչ հարց է քննում՝ Ռոբերտ Քոչարյանի՞, թե՞ այլ անձի, եթե Էդմոն Մարուքյանն ասում է, որ Սահմանադրական դատարանի վրա տեղի է ունեցել ասպատակություն, Կարեն Սիմոնյանը պատասխանեց.
«Չեմ կարող ասել, դրանք գործընթացներ են, որոնք բազմաշերտ են, կարող է լինել և դա, ես չեմ խոսել իմ իշխանական գործընկերների հետ, բայց այն, որ Սահմանադրական դատարանի հարցը լուծելու իշխանական մոտեցումը հախուռն էր, ոչ տրամաբանված ու լի վտանգներով, դա փաստ է»: Սիմոնյանը չի կիսում նաև այն մեկնաբանությունը, որ այս փուլում իշխանությանը դեմ կանգնելու վճռականություն չունեցան և այդ անվճռականությունը փորձում են փաթեթավորել Երկրորդ նախագահի վերաբերյալ ՍԴ-ում քննվող գործով։
Կարեն Սիմոնյանն անհասկանալի է համարում արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերի կողմից իրենց հասցեին հնչող քննադատություններն ու մեղադրանքները. պնդում է՝ իշխանության հետ քաղաքական առևտրի չեն գնացել, կուլիսային բանակցությունների ևս չեն գնացել։
«Այն մարդկանց, որոնք մեզ մեղադրում էին, թե մենք գնում ենք բանակցությունների իշխանությունների հետ, պետք է մեկ ամիս հետ գնամ և հիշեցնեմ, որ մեկ ամիս առաջ էլ այսօրվա իշխանությունը մեզ մեղադրում էր նախորդների հետ բանակցելու մեջ, և այս երկբևեռ մտածողությունը սխալ է»,- ասաց Սիմոնյանը։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատագամավորը հարց ուղղեց այսօր իրենց քննադատող ուժերին՝ ի՞նչն է պատճառը, որ մինչև հուլիսի 7-ը պետք է այս հարցը վիճարկենք Սահմանադրական դատարանում։
«Ես էլ մտածում եմ, որ ընդդիմադիր ուժերը շահագրգվածություն ունեն։ Այս մարդիկ ո՞ւմ համար են հոգ տանում՝ պետությա՞ն, Սահմանադրությա՞ն, թե՞ ինչ-որ անձի, եթե՝ պետության, ապա իրենց համար կարևոր պետք է լինի արդյունքը, իսկ թե հիմա դա կլինի հունիսին, թե հուլիսին, իրավական գործընթացի վրա որևէ ազդեցություն չի ունենալու։ Մենք գնացինք ոչ թե երրորդ, այլ այն ճանապարհով, որը ուղենշել ենք, և որևէ մեկը՝ լինի նախկին թե ներկա իշխանություն, չի կարող մեզ այդ ճանապարհից շեղել»,- ասաց Կարեն Սիմոնյանը՝ շեշտելով, որ նախկին իշխանությունները փորձում էին իրենց օգտագործել՝ որպես գործիք։
«Երբևիցե «Լուսավոր Հայաստանը» չի վախեցել դեմ դուրս գալ «Իմ քայլին», բայց թույլ չենք տա մեզ օգտագործել»,- ասաց Սիմոնյանը։
Հարցին՝ ովքե՞ր են իրենց օգտագործում, պատգամավորը պատասխանեց.
«Դրանք նախկին իշխանություններն են, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կողմնակիցները. եկեք մոնիտորինգ անենք ընդհանուր և տեսնենք, թե դաշտում ովքե՞ր են կողմ, որ «Լուսավոր Հայաստանը» դիմում ներկայացնի ՍԴ հիմա, շատ արագ։ Ինչո՞ւ են մեզ ստիպում արագ գնալ դրան, իսկ կարո՞ղ է՝ կա ինչ-որ գործողություն, որը կապված է Հրայր Թովմասյանի այն ասածի հետ, որ Ռոբերտ Քոչարյանի գործը քննվելու է հուլիսի 7-ին»։
Հարցին՝ եթե Ռոբերտ Քոչարյանի գործը չքննվեր ՍԴ-ում հուլիսի 7-ին, արդյո՞ք այս փուլում կմիանային ԲՀԿ-ի ստորագրություններին, Կարեն Սիմոնյանը պատասխանեց.
«Իհարկե, ես կարող եմ ասել, որ մենք ամենայն հավանականությամբ ավելի երկար կաշխատեինք և կմտածեինք»։
Հարցազրույցի մանամասները՝ տեսանյութում