«Սպիտակ առյուծն ընդամենն ամենասովորական աֆրիկյան առյուծ է». ավագանու անդամը՝ Կենդանաբանական այգուն նվիրաբերված առյուծի մասին

Երևանի ավագանու հունիսի 24-ի նիստում «Իմ քայլը» խմբակցության անդամ Օվսաննա Հովսեփյանն իր ելույթում անդրադարձավ  շաբաթներ առաջ Երևանի Կենդանաբանական այգուն նվիրաբերված սպիտակ առյուծին և նշեց, որ կենդանին  բոլորովին էլ եզակի ցեղատեսակ չէ:

«Շատերի կողմից հնչեց կարծիք, որ սա սպիտակ առյուծի եզակի ցեղատեսակ է, բայց դա իրականությանը չի համապատասխանում, քանի որ սպիտակ առյուծն ընդամենն ամենասովորական աֆրիկյան  առյուծ է, և դա կապված է ազգակցական խաչասերման արդյունքում առաջացած ռեցեսիվ գենով և մելատոնին պիգմենտի բացակայությամբ: Նման կենդանիներ ստացվում են անազատության մեջ բուծման արդյունքում, ունենում են առողջական մի շարք խնդիրներ, այդ թվում՝ ոսկրային դեֆորմացիաներ, ինչը կարող ենք տեսնել հենց մեր առյուծի մոտ: Մենք նրան տարել ենք մի փրայդ, որտեղ արդեն կա արու առյուծ, ինչի պատճառով կենդանին դատապարտված է լինելու մենակ ու իզոլյացված, դա բարեկեցության նորմերի կոպտագույն խախտում է»,- ասաց ավագանու անդամը:

Օվսաննա Հովսեփյանն իր գործընկերներին պարզաբանեց նաև, որ ռեցեսիվ գենով կենդանի ունենալը կարող է խանգարել, որ Երևանի կենդանաբանական այգին ընդգրկվի ԵԱԶԱ-ի (Եվրոպական կենդանաբանական այգիների և ակվարիումների միջազգային ասոցիացիա) կազմի մեջ:

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը տեղեկացրեց, որ առյուծի հարցը, մինչև նրան Կենդանաբանական այգի ընդունելը, քննարկվել է մասնագետների հետ։ Փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանն էլ ասաց, որ կան այլ Կենդանաբանական այգիներ, որտեղ կան նման կենդանիներ, ու որոնք նույն ճանապարհին են, ինչ Երևանի Կենդանաբանական այգին։

Հիշեցնենք՝ սպիտակ առյուծին Երևանի կենդանաբանական այգուն նվիրել է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը:

Տեսանյութեր

Լրահոս