«Անդրանիկ Գևորգյանին առաջադրված մեղադրանքը մենք դիտարկում ենք՝ որպես Արմեն Գևորգյանի հրապարակային գործունեությանն իշխանության կողմից տրված պատասխան». Էրիկ Ալեքսանյան

«Անդրանիկ Գևորգյանը 75 տարեկան է, որևէ պաշտոն չի զբաղեցնում: Նախաքննական գաղտնիքի հանգամանքը հաշվի առնելով՝ ես չեմ կարող մանրամասն տեղեկություններ հայտնել այս գործով, բայց այնուամենայնիվ, կարող եմ վերահաստատել, որ Անդրանիկ Գևորգյանին առաջադրված մեղադրանքն ամբողջովին ապօրինի է և անհիմն»,- 168.am«Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ժամանակ ասաց փաստաբան Էրիկ Ալեքսանյանը՝ անդրադառնալով իր պաշտպանյալ, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հորը՝ Անդրանիկ Գևորգյանին առաջադրված մեղադրանքին՝ հավելելով, որ դա գնահատում են՝ որպես Արմեն Գևորգյանին առաջադրված ապօրինի մեղադրանքի շարունակություն:

Փաստաբանի խոսքով՝ ողջ փաստական հանգամանքները, որոնք, ըստ իրենց գնահատման, վկայում են այն մասին, որ Անդրանիկ Գևորգյանը որոշակի օժանդակող գործողություններով նպաստել է ենթադրյալ հանցավոր միտումին, հայտնի է եղել դեռևս այն ժամանակ, երբ փողերի լվացման մեղադրանքն առաջադրվում էր Արմեն Գևորգյանին, և հետևաբար՝ տարակուսելի է, թե ինչու է 1.5 տարի անց, նոր օժանդակության տեսքով մեղադրանք առաջադրվում Անդրանիկ Գևորգյանին:

«Ասեմ ավելին՝ որևէ տարակուսանք չպետք է առաջացնի այն հանգամանքը, թե ինչու Անդրանիկ Գևորգյանին այդ մեղադրանքն առաջադրվեց: Արդեն 2-3 ամիս է՝ ԶԼՄ-ներում հրապարակվում են Արմեն Գևորգյանի` որոշակի մասնագիտական կարծիք պարունակող հոդվածները: Իրականում, եթե մենք դրանք ուսումնասիրենք, կնկատենք, որ դրանցում արտահայտված են մասնագիտական կարծիք և լուծումներ: Անդրանիկ Գևորգյանին առաջադրված մեղադրանքը մենք դիտարկում ենք՝ որպես Արմեն Գևորգյանի հրապարակային գործունեությանն իշխանության կողմից տրված պատասխան»,- ասաց փաստաբանը:

Խոսելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոներտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության ու այդ դատական ակտը կայացրած Քրեական վերաքննիչ դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանի ու նրա նկատմամբ սկսված «հարձակումների» մասին՝ Էրիկ Ալեքսանյանն ասաց, որ այն, ինչ տեղի է ունենում Արսեն Նիկողոսյանի շուրջ, միանշանակ դատապարտելի է:

«Արսեն Նիկողոսյանին ճանաչում եմ վաղուց: Իմ կարգավիճակից ելնելով՝ առիթ եմ ունեցել նաև իր հետ աշխատել և նաև պատիվ եմ ունեցել Փաստաբանական դպրոցում իր ունկնդիրը լինելու: Նա եզակի արհեստավարժ դատավոր է, ով ունի ամուր կամք և սկզբունքներ»,- ասաց Էրիկ Ալեքսանյանը:

Նա նշեց նաև, որ ունեցել է նրա նախագահությամբ վարվող բազմաթիվ գործեր, երբ իր բողոքը մերժվել է, բայց երբեք իր կարծիքն այդ դատավորի վերաբերյալ չի փոխվել:

«Ավելին, ես սպասում էի՝ երբ պետք է այդ մերժման որոշումը ստանամ, կարդամ, տեսնեմ՝ ինչ է գրել, քանի որ այդ պատճառաբանությունները, որ նա գրում է իր որոշման մեջ, տպավորություն է, թե գիտական թեզ է: Նա իր վճիռները կայացնում է գիտական վերլուծությունների հիման վրա»,- նկատեց Էրիկ Ալեքսանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս