Բաժիններ՝

«Այս իրավական անարխիայի հեղինակները երբևիցե ՀՀ Սահմանադրությունը չեն կարդացել». Վահե Գրիգորյան

Այսօր ԱԺ պաշտոնական կայքէջում հրապարակվել է Սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է արդեն 12 տարի պաշտոնավարած ՍԴ դատավորներին ազատել զբաղեցրած պաշտոնից: Նույն նախագծով՝ ԱԺ պատգամավորների քվեարկությամբ ազատվում է նաև ՍԴ նախագահը:

168.am-ի հետ զրույցում սահմանադրագետ Վահե Գրիգորյանն ասաց, որ շրջանառության մեջ դրված Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հակասում է ՀՀ Սահմանադրության 1-ին և 3-րդ հոդվածներին, ինչպես նաև ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածի 1-ին մասին:

«Իսկ քանի որ ՀՀ Սահմանադրության 1-3-րդ և 203-րդ հոդվածները փոփոխման ենթակա չեն` ըստ հենց նույն 203-րդ հոդվածի, ապա Սահմանադրության փոփոխությունների նախագիծը, միևնույն է, հակասում է ՀՀ Սահմանադրությանը, եթե անգամ քննարկվի դրա համապատասխանությունը միայն անփոփոխելի հոդվածներին»,-ասաց սահմանադրագետը;

Վերջինս նշեց, որ նախագծով առաջարկվում է դադարեցնել ՍԴ այն դատավորների լիազորությունները, որոնք պաշտոնավարել են 12 տարուց ավելի, և նրանց փոխարեն ընտրվեն ՍԴ նոր դատավորներ, ինչպես նաև տեղի ունենա ՍԴ նախագահի նոր ընտրություններ:

«Այժմ անդրադառնամ նախագծի հակասահմանադրականությանը. ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածի համաձայն` «Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է»: Սույն հոդվածով ամրագրված է Հայաստանի Հանրապետության էությունը, այն է՝ Հայաստանի Հանրապետությունը իրավական պետություն է, որպիսի պարագայում հանրային իշխանության մարմիններն իրենց գործունեության ընթացքում պետք է ղեկավարվեն միայն այնպիսի օրենքներով, որոնք համապատասխանում են իրավունքի գերակայության սկզբունքին, մասնավորապես՝ օրենքների և վավերացված միջազգային պայմանագրերի հակասության դեպքում պետք է կիրառվեն վավերացված միջազգային պայմանագրերը»,-նշեց Վահե Գրիգորյանը:

Ըստ նրա` իրավական պետության սկզբունքից բխում է նաև, որ մարդու հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրության մեջ ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան:

«Հատկանշական է, որ իրավական պետություն ձևակերպումը ապացուցում է, որ ՀՀ-ում պետք է գործի իրավունքի գերակայության (դեմոկրատական պետությունների ցուցիչ) ինստիտուտը, այլ ոչ թե օրենքի գերակայության (ավտորիտար երկրների ցուցիչ): Անհրաժեշտ է նշել,որ սույն տեսքով Սահմանադրության փոփոխության ընդունման դեպքում 12 տարի ՍԴ-ում պաշտոնավարած դատավորները հարկադիր կարգով գնալու են վաղ կենսաթոշակի, մինչդեռ Վենետիկի հանձնաժողովը բազմիցս արձանագրել էր, որ վաղաժամ կենսաթոշակի ինստիտուտը պետք է իրականացվի բացառապես կամավորության հիմքով, իսկ մեր ՍԴ դատավորները, ի պատիվ իրենց, չօգտվեցին այդ հնարավորությունից: Այժմ փորձ է արվում հակասահմանադրական և հարկադիր կարգով նրանց մի մասին ուղարկել կենսաթոշակի»,-նկատեց իրավաբանը:

Վահե Գրիգորյանի խոսքով` այս մոդելը բազմիցս քննադատության է արժանացել միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների և փորձագետների կողմից և անգամ Վրաստանում նմանատիպ փորձը, որն, ի պատիվ իրենց, կամովին էր, նույնպես արժանացել էր քննադատության, օրինակ, հենց իրենց իսկ սիրելի «Թրանսփերենսի ինթերնեյշնլի» կողմից:

Բացի այդ, ըստ սահմանադրագետի, Սահմանադրության 3-րդ հոդվածի 3-րդ մասը հստակ ամրագրում է, որ Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք։

«Յուրաքանչուր ոք կարող է բացել ՀՀ Սահմանադրության «ՄԱՐԴՈՒ ԵՎ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» վերտառությամբ 2-րդ գլուխը և կարդալ այդ գլխի մաս կազմող 73-րդ հոդվածի առաջին մասը, որի համաձայն` «Անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն», մինչդեռ ակնհայտ է, որ սահմանադրական փոփոխությունների նախագիծը վատթարացնում է անձանց, մասնավորապես՝ ՍԴ դատավորների իրավական վիճակը՝ նրանց մի մասին զրկելով աշխատանքից, մյուս մասին՝ ավելի երկար պաշտոնավարելու լեգիտիմ իրավունքից»,-ասաց Վահե Գրիգորյանը:

ՀՀ Սահմանադրության 203-րդ հոդվածը, համաձայն սահմանադրագետի դիտարկման, անփոփոխելի է, հռչակում է ՀՀ Սահմանադրության 1-3 և 203-րդ հոդվածները, իսկ իշխանության՝վերջերս ընդունած, բայց դեռ չստորագրված սահմանադրական օրենքների փաթեթով` ՍԴ-ն պետք է ստուգի Սահմանադրական փոփոխությունների նախագծի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության հետ միայն անփոփոխելի հոդվածների մասով:

«Սակայն այս իրավական անարխիայի հեղինակները երբևիցե ՀՀ Սահմանադրությունը չեն կարդացել, քանզի եթե կարդային, ապա կտեսնեին և գուցե կկարողանային հասկանալ, որ միայն ՀՀ Սահմանադրության 3-րդ և անփոփոխելի հոդվածը, որը սահմանափակում է հանրային իշխանությունը մարդու հիմնական իրավունքներով և ազատություններով, բավարար է, որ ՍԴ-ն անգամ միայն 3-րդ հոդվածի սահմաններում, համապատասխանությունը որոշելու` ուսումնասիրի, թե արդյոք սահմանադրության փոփոխությունների նախագիծը համապատասխանում է ՀՀ Սահմանադրության 2-րդ գլխում թվարկված իրավունքներին և ազատություններին, որոնց մեջ է նաև հետադարձ ուժի կիրառման արգելքին (73-րդ հոդված, 1-ին մաս)»,-ասաց սահմանադրական իրավունքի մասնագետը:

Եզրափակելով` Վահե Գրիգորյանը նշեց, որ գործադրված ջանքերը՝ սահմանափակելու ՍԴ-ում Սահմանադրության համապատասխանության հարցի քննարկման շրջանակը, ամուլ էին, քանզի ՍԴ-ի կողմից քննության շրջանակի նվազեցում գրեթե տեղի չի ունենա, և, ամենակարևորը, կպահպանվի վատթարացնող իրավական ակտի հետադարձ ուժի կիրառման արգելքը:

«Ամփոփելով վերոգրյալը` կարելի է միանշանակ պնդել, որ հերթական անգամ գործ ունենք Սահմանադրական դատարանը ցրելու հակասահմանադրական գործընթացի հետ, որը կրկին տապալվելու է իրավաբանական անգրագիտության և աբսուրդ լինելու պատճառով»,-ասաց սահմանադրագետը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս