«Այլ ձևակերպումներով խորհրդարանից ստանում են համաձայնություն, դատարան ներկայացնում են բոլորովին այլ ձևակերպմամբ արարք». փաստաբանը՝ Ծառուկյանի գործի մասին

Այսօր Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ, ավարտվեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ-ի ներկայացրած միջնորդության քննությունը: Որոշումը կհրապարակվի կիրակի՝ հունիսի 21-ին: Փաստաբանները լրագրողների հետ զրույցում ասացին, որ երկու կողմերից էլ ներկայացված փաստերը՝ թե՛ գրավոր, թե՛ բանավոր, ծավալուն են եղել, դատարանը պետք է հասցնի դրանք ուսումնասիրել: Մինչև դատարանը կհրապարակի որոշումը, Ծառուկյանի փաստաբանական թիմի անդամ Երեմ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում նախաքննության գաղտնիք չհանդիսացող  որոշ մանրամասներ պարզաբանեց, որ մի շարք կարևոր փաստեր են արձանագրել, օրինակ, որ դատախազն ԱԺ-ի համաձայնությունը ստացել է այլ ձևակերպումներով, իսկ դատարան դիմել է բոլորովին այլ ձևակերպումներով:

«Ազգային ժողով ներկայացրած միջնորդության բովանդակության մեջ ձևակերպված արարքը, որակումը չենք ասում, այսինքն՝ հոդվածը չէ, արարքը խիստ էական տարբերվում է այն արարքից, որը ներկայացվել է դատարան, իսկ սա խիստ էական, կարևոր է՝ ի՞նչ առումով. երբ որ գլխավոր դատախազը միջնորդություն է ներկայացնում ԱԺ-ին, այսինքն՝ օրենքի իմաստը նրանում է կայանում, որ յուրաքանչյուր պատգամավորի պետք է իր միջնորդությամբ, դրանում նշված արարքի նկարագրությամբ, իր խոսքով, հարց ու պատասխանով հիմնավորի, որ այո՛, այս արարքի պարագայում առկա է անձին անձեռնմխելիությունից զրկելու անհրաժեշտություն, բայց պարզվում է, որ այլ ձևակերպումներով ստանում են համաձայնություն, դատարան ներկայացնում են այլ ձևակերպմամբ արարք, միջնորդություն»,- ասաց Սարգսյանը:

Փաստաբանը բոլոր օրինակներին չանդրադարձավ, սակայն առանձնացրեց իրենց համար շատ կարևոր մի ձևակերպում.

«Եթե, օրինակ, ԱԺ-ին ներկայացրել են, թե իբր Գագիկ Ծառուկյանը խմբի կազմում անձամբ նաև կաշառք է տվել ընտրողների, գրվել է այսպես՝ խմբի կազմում տվել է կաշառք, սա է ձևակերպումը, թե իրենք ոնց են ձևակերպել միտքը, համենայնդեպս, սա է, դատարան ներկայացված միջնորդության մեջ ձևակերպումն այլ կերպ է, որ ղեկավարել է խումբ, որի շրջանակում տրվել է կաշառք: Սա այն կարևոր նկատառումներից մեկն էր, որոնք կան:
Նախորդ նիստին մենք հիմնավորում էինք դատարանին և Դատախազությանը, քննչական մարմնին, որ հարուցումը քրեական գործի եղել է մի նպատակով և մի պատճառով, որ Գագիկ Ծառուկյանը հունիսի 5-ին քաղաքական իշխանությանը, Կառավարությանը քննադատել է, որից հետո պրոցեսները սկսել են ընթանալ: Այսօր ակնկալվում էր, բնականաբար, որ մեղադրանքի կողմը պետք է գար և փորձեր հիմնավորել, որ՝ գիտե՞ք ինչ կա, չէ, երբ որ փետրվարի 5-ին էս տեղեկությունները ունեինք, էնպես չի, որ մենք ոչինչ չէինք անում  և հանկարծ հունիսի 5-ի հայտարարությունից հետո շատ ակտիվ որոշեցինք քրեական գործ հարուցել: Ուրեմն, ըստ էության, որևէ կերպ չկարողացան հիմնավորել դատարանում և չներկայացրին այնպիսի փաստաթուղթ, որն իր բովանդակությամբ էականորեն կտարբերվեր փետրվարի 5-ին ներկայացված փաստաթղթի բովանդակությունից, այսինքն, որը կլրացներ, և լրացնելուց հետո կասեին՝ գիտե՞ք ինչ, գնահատեցին, պարզվեց, որ նոր տվյալ կա»:

Երեմ Սարգսյանն անդրադարձավ դեռ հունիսի 6-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի գրառմանը, որով նա պատասխանում էր հունիսի 5-ի Գագիկ Ծառուկյանի հայտարարություններին, և որում ասվում էր, որ «Ծառուկյանը պարզապես մտահոգված է մի շարք քրեական գործերի ընթացքով, որոնք վերաբերում են փողերի լվացմանը, ընտրակաշառք բաժանելուն, հարկերից խուսափելուն, կոռուպցիային»:

«Եթե քրեական գործի հարուցում չկար, չկար ընտրակաշառքով հարուցված քրեական գործ, ինչպե՞ս է ստացվում, որ վարչապետի մամուլի խոսնակը հայտարարում է, որ մի շարք քրեական գործեր են առկա, այն էլ՝ ընտրակաշառքների վերաբերյալ, որից հետո միանգամից որոշվեց, որ կոնկրետ անձը, որը նախկինում՝ 4 ամիս առաջ, հարցաքննվել էր, հարց էին տվել, հրաժարվել էր, էդ անձին որոշեցին այդ հայտարարությունից հետո նորից հարցաքննել, բայց նորից տվյալ չստացան ու քրեական գործ հարուցեցին: Եթե որոշակի տեղեկություն ունի նույնիսկ, որ պետք է քրեական գործ հարուցվի, արդեն խոսում է քաղաքական բնույթի մասին: Չի կարող լինել չհարուցված քրեական գործ, բայց վարչապետի խոսնակը գիտի,  որ պետք է հարուցվի, և հայտարարե՞ց»,- ասաց Սարգսյանը:

Լրագրողի հարցին, թե առաջարկվե՞լ է դատարանին՝ նյութական վնասի փոխհատուցման դիմաց ազատ արձակել ԲՀԿ ղեկավարին, քանի որ Ծառուկյանի դեմ հարուցված բոլոր քրեական գործերը տնտեսական բնույթ ունեն՝ հարկերից խուսափել, չլիցենզավորված խաղատներ ունենալ, փաստաբանը պատասխանեց, որ այս պահին չկա նման մեղադրանք, նյութական վնասը վերականգնելու խնդիր չկա: Երեմ Սարգսյանի պնդմամբ՝ անգամ այն մեղադրանքը, որն առաջադրված է, փաստարկված չէ:

«Չի ներկայացվել գոնե մեկ ապացույց, մեկ փաստական տվյալ, որ Գագիկ Ծառուկյանը որևէ անձի անձամբ կաշառք է տվել, կամ որևէ մեկին ասել է՝ գումար տվեք ընտրակաշառքի համար: Իսկ էսօր ի՞նչ են ասում, բերել են, փորձում են  հիմնավորել, որ Վարդենիսում մի քանի հոգի ինչ-որ ընտրակաշառքի միջադեպ է տեղի ունեցել: Համարենք հիմնավորված, պայմանական: Ինչ են ասում՝ դե, եթե Վարդենիսում եղել է, եթե այնտեղ մի քանի հոգի հավաքվել, որոշել են նման բան անել, ո՞նց կարող է ղեկավար կազմը դրա մասին չիմանալ, դե կներեք, էլի: Մեղադրանքի մեջ որևէ տեղ նշում չկա, որ Գագիկ Ծառուկյանը որևէ մեկին ասել է, որ տանեն ընտրակաշառք տան, սա՝ մեկ, նման որևէ ապացույց դատարան չի ներկայացվել, որ որևէ մեկին ասել է՝ տար ընտրակաշառք տուր, սա՝ երկուս, որևէ ապացույց չկա, որ Ծառուկյանը որևէ մեկին անձամբ կաշառք է տվել՝ երեք, որևէ ապացույց չկա, որ իմացել է, որ որևէ մեկին կաշառք են տալիս՝ չորս: Մնացած ամեն ինչը ենթադրություններ են, որ հնչեցվում են, թե ո՞նց կարող է ԲՀԿ-ից  ինչ-որ տարածքում կաշառք բաժանվի, ու ղեկավար կազմը չիմանա, դրանից հետո էլ Ծառուկյանը չիմանա: Այս ենթադրությունների համար եթե ուզում են մարդ կալանավորել, այստեղ արդեն աբսուրդի է հասնում: Երբ մենք շատ մանրամասն ժամկետային բերեցինք, ցույց տվեցինք, թե ոնց շարունակաբար քաղաքական իշխանության ներկայացուցիչները ինչ փաստաթղթեր էին հրապարակում ֆեյսբուքյան էջում, ինչ գրառումներ  էին անում, դրանից հետո ոնց ա անմիջապես խուզարկությունների մտնում ԱԱԾ-ն, հետո հայտարարություններ է տարածում, տեսանյութ ա տարածում ԱԱԾ-ն»,- ասաց փաստաբանը:

Նրան տարօրինակ էր թվացել անգամ ԱԱԾ-ի տեսանյութը: Փաստաբանը նշեց, որ ծառայությունը սովորաբար  սպիտակ շղարշով փակում է իրեղեն ապացույց հանդիսացող առարկաները, ինչն այս դեպքում չի արվել:

«Ձեզ խորհուրդ եմ տալիս՝ ԱԱԾ-ի տեսանյութերը նայեք և կտեսնեք, որ երբ ապացույցներ են դեպքի վայրից, խուզարկություններից երևում, իրենք թափանցիկ շղարշով փակում են, որ ապացույցները չերևան, նախաքննական գաղտնիք չհրապարակվի: Էս դեպքում ժամեր տևած խուզարկությունից  երկու րոպեանոց տեսանյութ են հրապարակում, մոտիկ պլանով փաստաթղթերն են ցույց տալիս, ընդ որում, փաստաթղթեր, որտեղ  ենթադրյալ պատգամավորներ ինչ-որ գրություններ ունեն, սա անում են ամսի 14-ին, նույն տեսանյութի շարունակության մեջ մեկ այլ փաստաթուղթ շղարշով կեսը փակում են, որ չերևա՝ ինչ է գրված: Հիմա, եթե որևէ մեկը կասի, որ ԱԱԾ-ն սա հատուկ չհրապարակեց ամսի 14-ին, որ ԱԺ-ում կարողանան իշխող ուժի պատգամավորները դրա վերաբերյալ հարցադրումներ անեն  և ֆոն ստեղծեն, ուրեմն էդ անձը թող դրա հիմնավորումը գոնե իր մեջ գտնի»,- ասաց փաստաբանը:

Երեմ Սարգսյանն ուղիղ կապ է տեսնում այս դեպքերի և կալանքի միջնորդության միջև և շարունակում է պնդել, որ այս ամենը քաղաքական գործընթաց է:

«Եվրոպական դատարանի և Եվրոպական կոնվենցիայի իմաստով, եթե, օրինակ, իշխանություններն իրենց իրավունքներն օգտագործում են քողարկված օրակարգով, իսկ այս դեպքում ի՞նչ են անում, ասում են՝ իրավական գործընթաց է, ի՞նչ է եղել որ, միջնորդություն  ենք ներկայացրել ԱԺ, ի՞նչ է եղել որ, միջնորդություն են ներկայացրել դատարան, այդ ձևական կողմը պահելով, եթե դուք այլ նպատակ ունեք, իսկ այլ նպատակն ակնհայտ է, որ քաղաքական է, ինչո՞ւ է քաղաքական, որովհետև քաղաքական իշխանության բոլոր ներկայացուցիչները սրա մասին մինչև պրոցեսը հայտարարություններով և գործողություններով հանդես եկան, էս կապը և դրանից բխող ԱԱԾ-ի գործողությունները վկայում են քաղաքական բնույթի մասին»,- շեշտեց փաստաբանը։

Փաստաբանը Սարգսյանը նաև հիշեցրեց, որ ՔՊ-ն մինչև դատախազի միջնորդությունը լսելն արդեն որոշում էր կայացրել այդ միջնորդության վերաբերյալ, ինչը կանոնակարգի տեսանկյունից խնդրահարույց է, քանի որ դատախազը հենց միջնորդության ներկայացման պահին հարցուպատասխանով պետք է պատգամավորներին համոզեր կամ չհամոզեր, որ անձին անձեռնմխելիությունից զրկելու կարիք կա: Երեմ Սարգսյանը նաև նշեց, որ դատավորին ինքնաբացարկ ներկայացնելու միջնորդությունն էլ պատահական չի եղել, քանի որ Ծառուկյանի գործն անձամբ դատարանի նախագահն է մակագրել տվյալ դատավորին, ոչ թե դատավորն ընտրվել է համակարգչի միջոցով՝ պատահականության սկզբունքով:

Տեսանյութեր

Լրահոս