«Ունենք անկազմակերպ պետություն, համաճարակի դեմ պայքարը ձախողած իշխանություններ». Նարինե Մկրտչյան

«Հայաստանը գտնվում է համաճարակի դեմ սոսկալի պատերազմի մեջ, և նման իրավիճակում, երբ իշխանության և հասարակության ուժերը պետք է կենտրոնացված լինեն մեկ խնդրի՝ համաճարակի հաղթահարմանը, կարևորություն ունեցող օրենքներով քաղաքական օրակարգ ձևավորելը միանգամայն անընդունելի է ինձ համար, որովհետև իրավիճակն իսկապես շատ բարդ է»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Մամուլի ազգային ակումբի նախագահ, «Քաղաքական լիգա»-ի համակարգող Նարինե Մկրտչյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի քննարկումներին:

Նրա խոսքով՝ իշխանությունները, հասարակությունը, քաղաքական կուսակցությունները բացարձակ պատկերացում չունեն համաճարակի իրական չափերի և հնարավոր հետևանքների մասին.

«Հետևանքները մենք արդեն տեսնում ենք՝ Հայաստանը վարակակիրների իր ցուցանիշներով և մահվան թվերով առաջնային դիրքեր է գրավում 215 պետությունների շարքում: Այսօր Հայաստանը 39-րդն է վարակի տարածվածության թվաքանակի ցուցանիշով, և 19-րդը՝ մահվան ցուցանիշներով: Այս ցուցանիշները վկայում են, որ մենք ունենք անկազմակերպ պետություն, համաճարակի դեմ պայքարը ձախողած իշխանություններ: Նրանք չեն հասկանում համաճարակի իրական վտանգները և զբաղված են աշխատանքի իմիտացիա ստեղծելով»:

Ըստ նրա՝ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը միայն առողջապահական խնդիր է, նաև քաղաքական է.

«Համաճարակի հաղթահարումը, նախ և առաջ, իշխանության գործն է, պարտավորությունն է: Ես նորից եմ ասում՝ սա աշխատանքի իմիտացիա է և հանցավոր անգործություն»:

Իրականացվող քայլերը, Նարինե Մկրտչյանի խոսքով՝ շատ ուշացած են. «Ես համաձայն եմ, որ սա պատերազմ է՝ պատգամավորները պետք է լինեն պատերազմի առաջնագծում, նրանք պետք է հասարակության հետ և՛ բացատրական, և՛ վերահսկողական աշխատանքներ տանեն: Երկրորդ՝ ինչո՚՞ւ ՏԻՄ-երը ներգրավված չեն համաճարակի հաղթահարման գործում: Երրորդ՝ Շենգավիթի դատարանի մոտ ոստիկանական մեքենաների շքերթ է. այս ծանր իրավիճակում, երբ ոստիկանական համակարգի վրա պետք է դրվեր դիմակների կրման վերահսկման, տարբեր խանութների, սուպերմարկետների վերահսկման գործառույթներ, ոստիկանական ուժերը կենտրոնացվում են այս կամ այն  միջոցառման կամ դատական գործընթացում: Ամբողջ տեղեկատվական-քարոզչական ծանրությունը պետք է կրի Հանրային հեռուստաընկերությունը»:

Անդրադառնալով ընդդիմադիր լրատվամիջոցների վերաբերյալ իշխանությունների կողմից հնչող սուր գնահատականներին, և պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է դա արվում նախկին ընդդիմադիր լրագրող Նիկոլ Փաշինյանի իշխանության ժամանակ, նա ասաց, որ Նիկոլ Փաշինյանին նախկին լրագրող չի համարում. «Ինձ թվում է՝ ինքը հիմա էլ է լրագրությամբ զբաղվում: Ինքը լրագրությունից բացի, կարծես թե, ուրիշ բան չի կարողանում անել: Լրագրությունն ու պետություն ղեկավարելը տարբեր բաներ են»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս