«Ես հեղափոխության աջակից եմ եղել, բայց հիմա փոշմանել եմ». կինը դատարանի բակում լացակումած խնդրում էր իրեն ընդգրկել ԲՀԿ-ի շարքերը

«Ձեզ շատ եմ սիրում, թող Աստված Ձեզ պահապան լինի». այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթի նստավայրի բակում, որտեղ քննվում էր Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը, մի կին լացակումած ԲՀԿ պատգամավորներին խնդրում էր, որ իրեն ընդգրկեն ԲՀԿ-ի շարքերը:

«Ես հեղափոխության աջակից եմ եղել, ակտիվ աջակից, բայց հիմա փոշմանել եմ: Փոխանակ ժողովրդի մասին մտածեք, հաշվեհարդարներ եք տեսնում, մեղք ա ժողովուրդը: Պարոն Փաշինյան, մենք Ձեզ սիրել ենք, Ձեր կողքին կանգնել ենք: Հաշմանդամների կյանքն այսօր շատ բարդ է, և շատ դժվար ենք ապրում: Ինչքան կարող են մեզ աջակցել, ինչքան կարող են բարի մարդիկ մեզ խղճալ ու օգնել, չէ՞ որ մենք հեղափոխություն ենք արել, որ մեր կյանքում էլ մի բան փոխվի»,- ասաց նա:

Լրագրողներից մեկի հարցին, թե ի՞նչն է տիկնոջը բերել դատարանի բակ, և արդյոք որևէ մեկը նրան հորդորե՞լ է այստեղ գալ, կինը պատասխանեց.

«Ես եկել եմ ընդհանուր հարցերի շուրջ խոսելու: Ի՞նչ է արել պարոն Ծառուկյանը, որ ժողովրդին օգնո՞ւմ է, որ սովածների մասին մտածո՞ւմ է, ի՞նչ է արել էդ մարդը: Ոչ, ոչ, ինձ ոչ ոք չի հորդորել, ես միայնակ հաշմանդամ եմ, հազիվ դժվարությամբ քայլելով՝ հասել եմ այստեղ: Ես, քանի օր է՝ լացում եմ, որ պարոն Ծառուկյանի նման մարդու հետ կարելի է այսպես վարվել: Ես ուղղակի եկել եմ իմ սրտի ցավն արտահայտելու: Ասում եք՝ ինքը վատն է, ինքը շատ լավ մարդ է, ամբողջ աշխարհը գիտի նրա մարդ տեսակի մասին»:

Հարցին, թե Ծառուկյանն իրեն օգնե՞լ է, կինը պատասխանեց, որ ոչ: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը  վերցրեց կնոջ տվյալները և ասաց, որ իր հետ կապ կհաստատեն:

Տեսանյութեր

Լրահոս