Բաժիններ՝

«Չկա կորոնավիրուսի մասին այնպիսի ինֆորմացիա, որին քաղաքացին չի տիրապետում». Նիկոլ Փաշինյան

«Այսօր մեզ ուղղված ամենամեծ քննադատությունն այն է, որ կորոնավիրուսով վարակվածների թիվը մեծ է, և ամեն օր մարդիկ են մահանում: Այսինքն՝ մենք ինքներս մեր ընդդիմախոսներին մեզ քննադատելու գործի՞ք ենք տալիս»,- պարետատան նիստից հետո ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով այն խոսակցություններին, թե գումար են տալիս, որպեսզի այլ պատճառներով մահերը գրանցեն կորոնավիրուսի պատճառով մահերի թվում:

Վարչապետը նշեց, որ առաջին օրից ամեն ինչ արել են, որպեսզի լինեն 100 տոկոս թափանցիկ: Ըստ նրա՝ չկա կորոնավիրուսի մասին այնպիսի ինֆորմացիա, որին քաղաքացին չի տիրապետում:

Ինչ վերաբերում է նման ինֆորմացիաների տարածման սկզբնաղբյուրներին, վարչապետն ասաց, որ կատարվում է աշխատանք և շատ հետաքրքիր փաստեր են արձանագրվում. «Օրինակ՝ երբ Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցում մեկուսացնում էինք մարդկանց, մի ընդդիմադիր քաղաքական շրջանակի ներկայացուցիչների կողմից նման խոսակցություն է գնացել, որ իրականում այնտեղ ոչ թե մարդկանց մեկուսացրել են, այլ Հայաստանում ընդհատակյա «Գոլդեն Փելիս» հյուրանոցում սեռական փոքրամասնությունների համաշխարհային կոնգրես է, դրա համար փակել են, որպեսզի մարդիկ չիմանան, թե ինչի մասին է խոսքը: Հասկանո՞ւմ եք՝ այս աստիճանի ստոր, այս աստիճանի ցածր… ու հետո էդ նույն մարդիկ հետագայում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակն օգտագործել են կառավարության դեմ՝ ասելով՝ իրենք են լուրեր տարածել, որ կորոնավիրուս չկա: Եվ իրենք էլ բախվել են էդ խնդրի հետ, որովհետև կոնկրետ քաղաքական մի շրջանակի մի ներկայացուցչի ընտանիքի անդամ, ով այդ լուրը տարածել է, ինքն էլ կորոնավիրուսով վարակվել է: Իհարկե, բոլորովին վերջերս, բայց էական չէ: Դուք հասկանո՞ւմ եք՝ ինչ աստիճանի ցածր և ինչ աստիճանի հակապետական գործողություն կարելի է իրականացնել: Իհարկե, մենք այս բոլոր հարցերով զբաղվում ենք, և եթե դե յուրե պատասխանատվության միջոց չգտնվի, որովհետև օրենսդրական բացեր կան, պետք է քննարկենք այդ փաստերը հրապարակայնացնելու տարբերակը, որպեսզի հանրությունը կարողանա գնահատական տա՝ ով ով է և ինչով է զբաղվել այս ընթացքում»:

Նիկոլ Փաշինյանը հավելեց. «Ակնհայտ է, որ կոնկրետ քաղաքական շրջանակներ ուզում են, որ հնարավորինս շատ մարդ մահանա, հնարավորինս շատ մարդ վարակվի, տնտեսությունը հնարավորինս մեծ անկում ապրի, հնարավորինս մեծ պրոբլեմ լինի, որ այդ ճահճի մեջ իրենց տեսակը զարգանա»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս