«Լիահույս ենք, որ քննությունը կպարզի, որ Գագիկ Ծառուկյանը մեղք չունի ու մենք նրան հետ կողջունենք ԱԺ-ում». Արարատ Միրզոյան
«Ասված է վաղուց՝ մոտ 2000 տարի առաջ. Աստծունը՝ Աստծուն, կայսրինը՝ կայսրին»,- այսօր խորհրդարանում իր ելույթն այսպես սկսեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ կոչ անելով՝ զատել տարբեր երևույթներն իրարից:
«Բարոյական առումով, հետևանքների առումով, պետության համար հիմնաքարային լինելու առումով՝ խոսքս ընտրական մեխանիզմների մասին է, շատ ծանր արարք է մեղսագրվում մի մարդու, ով կուսակցության ղեկավար է, ով խորհրդարանական խմբակցության ղեկավար է: Շատ հեշտ է ընկնել ծուղակը և քաղաքականացնել իրավական գործընթացը: Եվ երբ ես ասում եմ՝ զատենք տարբեր բաներ իրարից, իմ առաջարկը կայանում է հենց դրանում, ես առաջարկում եմ տարանջատել քաղաքական կոնտեքստը, հարցի քաղաքական հատվածը, և՝ իրավական:
Անշուշտ, Գագիկ Ծառուկյան քաղաքական գործչի, «Բարգավաճ Հայաստան» քաղաքական միավորման մասին «Իմ քայլի» գործընկերները և ես էլ ունեմ իմ պատկերացումները, որոնք տալուց այս փուլում զերծ պետք է մնամ, և կարծում եմ՝ դուք էլ կկիսեք, հարգելի իմքայլական գործընկերներ, այս դիրքորոշումը, որպեսզի որևէ մեկնաբանություն, որևէ դիրքորոշման արտահայտում որևէ պահի չմեկնաբանվի՝ որպես քաղաքական ուղղորդում իրավապահ համակարգին կամ, իսկապես, սրբորեն պահպանվող անմեղության կանխավարկածի ոտնահարում»,- ասաց նա՝ ընդգծելով, որ, այդուհանդերձ, ինչ-որ քաղաքական բաների մասին պարտավոր են խոսել:
«Շատ հեշտ է հանդես գալ կառավարության հրաժարականի պահանջով, երբ գիտես, որ վաղուց արդեն հարուցված են իրավական գործընթացներ, որոնք կարող են հանգեցնել քո՝ այս կամ այն կերպ մասնակցությանն օրենքով արգելված որևէ արարքի: Այստեղ, որպեսզի հասկանանք՝ որն է որից հետո, պետք է պարզ հայացք նետել ժամանակագրությանը՝ ճշմարտությունն ավելի քան ակնհայտ է: Բայց ականջահաճո՞ է մեզ համար, որ որևէ մեկը, որևէ ընդդիմադիր ուժի ներկայացուցիչ կամ ղեկավար պահանջում է կառավարության հրաժարականը՝ ոչ: Բայց դրա իրավունքը, կներեք, ունեն ՀՀ բոլոր քաղաքացիները: Մենք պայքարել ենք նրա համար, որպեսզի Հայաստանում լինի ժողովրդավարություն, և որպեսզի որևէ մեկը հետապնդվելուց չվախենալով՝ չսահմանափակվի պահանջել կառավարության հրաժարականը, եթե դրա անհրաժեշտությունը տեսնում է: Սա մեր հավատամքն է, շատ լավ է, որ կարողանում են կառավարության հրաժարականը պահանջել մարդիկ, որոնք տարբեր քաղաքական ուժերի ղեկավարներ են, անկախ նրանից՝ հիմնավոր է, հիմնավոր չէ, քաղաքացիների որ տոկոսն է պաշտպանում կամ չի պաշտպանում այդ բանը»,- ասաց նա:
Անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների՝ տնտեսության վերաբերյալ հայտարարություններին, Միրզոյանը նկատեց. «Հարգելի գործընկերներ, շնորհակալություն բոլոր այն գործիչներին, ովքեր իրենց ստեղծարար աշխատանքով և՛ աշխատատեղեր են ապահովում մյուսների համար, և՛ երկրի տնտեսական կյանքի աշխուժացման համար, և՛ իրենք անձնապես հարստանում են, ի՞նչ կա էստեղ դատապարտելի, ոչ մի բան: Կներեք, սակայն, սա չի նշանակում, որ կարելի է շանտաժ անել՝ այս աշխատատեղերի փակմամբ, հնարավոր կամ անհնար ներդրումներով, հեղափոխությանը ցուցաբերված կամ չցուցաբերված աջակցությամբ, և ազատել ձեռքերը որևէ պատասխանատվությունից օրենքի առջև: Օրենքի առջև հավասար են բոլորը, և սա նույնպես մեր քաղաքական հավատամքն է: Օրենքի առջև հավասար են բոլորը՝ անկախ նրանից՝ քաղաքական կուսակցության կամ խմբակցության ղեկավա՞ր են, թե՞ ոչ, գործարաններ ունե՞ն, թե՞ ոչ, ներդրումներ բերո՞ւմ են, թե՞ ոչ: Մենք լիահույս ենք, որ քննությունը կհանգեցնի նրան, որ կպարզվի, որ Գագիկ Ծառուկյանը չունի մեղք՝ իրեն մեղսագրվող արարքում, և մենք, այդպիսի զարգացման դեպքում, մեր որևէ պատգամավոր գործընկերոջը հետ կողջունենք խորհրդարանում: Բայց եթե պարզվի, որ դա այդպես չէ, ապա ՀՀ բոլոր քաղաքացիները պետք է կրեն այն պատասխանատվությունը, որը սահմանում է օրենքը»:
Մանրամասները՝ տեսանյութում