«Այո՛, Հայաստանում օլիգարխներ չկան, այս քննարկումը դրա ապացույցն է». Ալեն Սիմոնյան

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանում անդրադառնալով իշխանական ֆեյքերի վերաբերյալ հայտարարություններին՝ ասաց. «Ռազմաճակատում նման բան կա, որ, երբ թագավորները պատերազմի էին գնում, վարձկաններին դիմացի շարքում էին դնում, որովհետև վարձկանները փախչելու և հակառակ կողմ պտտվելու սովորություն ունեն, և ես կարող եմ ասել մի բան՝ համացանցում այն արձագանքը, որը տեղի է ունենում այսօրվա իրականության հետ կապված, դա հասարակ քաղաքացիների և մարդկանց արձագանք է, և պնդում եմ, որ Հայաստանի որևէ պետական մարմնում համակարգված ձևով որևէ նման կառույց չկա և չի աշխատում, որը համակարգում է ֆեյք, որը քաղաքական ինչ-որ նպատակի է ծառայում: Ուզում եմ մի բան հասկանալ՝ մեր երկրում ընտրությունների ժամանակ ընտրակաշառք եղե՞լ է. թե՞ չի եղել: Ես կարծում եմ, որ այդ 10 հազար դրամների և մնացածի մասին մենք ուղղակի չի, որ լսել ենք, ու այսօր կա հնարավորություն հասկանալ և քննել՝ արդյո՞ք այդ ընտրակաշառքի հետ կապ է ունեցել դահլիճում նստած որևէ քաղաքական ուժի ներկայացուցիչ»:

ԱԺ փոխնախագահը նկատեց՝ ԱԺ-ում քննվում է մի հարց, որով կոնկրետ մեղադրանք է ներկայացվում, իսկ դրա փոխարեն, ըստ նրա՝ խոսում են ՀՀ տնտեսության վրա կորոնավիրուսի հետևանքների մասին. «Այո, կորոնավիրուսը բոլոր երկրների վրա շատ վատ ազդեցություն է թողել: Իմ մոտ տպավորություն է, որ վերջում ինչ-որ տեղից կորոնավիրուսն է հայտարարությունով հանդես գալու և միանա այդ ամեն ինչին, ինչը այսօր քաղաքական դաշտում կատարվում է: Ես ուզում եմ հասկանալ՝ կա՞ երկիր, որտեղ կորոնավիրուսի պատճառով տնտեսությունը չի տուժել, և վստահեցնում եմ ձեզ, որ վերջում ունենալու ենք այն պատկերը, որը խոսուն է լինելու այն գործունեության մասին, որը տեղի է ունեցել: Իսկ մեղավորները, եթե նման մեղավորներ եղել են, պատժվելու են, որովհետև, իհարկե, հաղթանակը բոլորինն է, հեղափոխությունը դահլիճում նստած բոլորինն էր, չգիտես՝ ինչու, քայլում էին մի քանի հոգի, հետո միացավ ժողովուրդը, բայց հաղթանակը, չգիտես՝ ինչու, բոլորինն է, բայց պարտությունը միանշանակ որբ է, և դա հասկանալի է: Պատասխանատվության մասին խոսելիս՝ մենք բազմիցս ասել ենք, որ պատասխանատվությունը, այո, մերն է»:

Անդրադառնալով գլխավոր դատախազի վերաբերյալ հնչեցված քննադատություններին՝ Ալեն Սիմոնյանն ասաց, որ դատախազին չեն քննարկում, այլ քննարկում են կոնկրետ քրեական գործ. «Եվ քննարկում ենք՝ հնարավորություն  տալ այդ գործի շրջանակներում հասկանալ, թե ինչ է կատարվել, հասկանալ, թե տեղի՞ է ունեցել, թե՞ տեղի չի ունեցել կոնկրետ հնչած մեղադրանքները: 20 մլրդ դոլարի կամ դրամի մուտքի մասին խոսվում է, մեր գործընկերները «Բարգավաճից»՝  ասում են՝ պարոն Ծառուկյանն է դրա մասին խոսում, իսկ ինչո՞ւ ոչ ոք չի խոսում այդ գումարի ծագումնաբանությունից: Միգուցե խոսենք այդ գումարի ծագումնաբանությունի՞ց: Ես կարծում եմ՝ եթե պարզ լինի, թե ինչի մասին է խոսքը, շատ հասկանալի կլինի, թե ինչի այդ առաջարկի հետ կապված եղել է այլ գործընթաց:

Սիմոնյանը նաև նշեց, որ ԱԺ-ում տեղի ունեցող քննարկումն այն բանի ապացույցն է, որ Հայաստանում հեղափոխությունից հետո օլիգարխ չկա:

««Իմ քայլը» խմբակցության անունից ուզում եմ ասել, որ «Իմ քայլի» պատգամավորները կքվեարկեն իրենց խղճից և համոզմունքներից դրդված»,- եզրափակեց նա:

Տեսանյութեր

Լրահոս