«Ինձ խորհրդարան է բերել Գագիկ Ծառուկյանը, լավ եմ արել գրել եմ և պաշտպանելու եմ Գագիկ Ծառուկյանին». Տիգրան Ուրիխանյան
ԱԺ անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն այսօր խորհրդարանում իր ելույթը սկսեց՝ խորին շնորհակալություն հայտնելով ԱԱԾ-ին՝ երեկ պատրաստած և հրապարակած «հրաշալի տեսանյութի համար»:
Ուրիխանյանն իր հետ բերել էր տեսանյութում հրապարակված և իր ձեռքով գրված գրության տեքստը:
«Ես՝ Տիգրան Ուրիխանյանս, առաջադրվում եմ Երևանի թիվ 2 ընտրատարածքում, ռեյտինգային ընտրակարգով, ԲՀԿ ցուցակով: Հանձն եմ առել ապահովել 8000 քվե: Ինձ թվում էր՝ դա նորմալ, շատ քվե է, ցավոք, չստացվեց, և պարտվեցի ռեյտինգային ընտրակարգով: Ընդ որում՝ նույնիսկ վիճաբանում էինք և՛ Ծառուկյանի հետ, և՛ բազմաթիվ այլ գործընկերների, ասում էր՝ լավ էլի, գրի 2000, չես կարող 8000 հավաքել, ես ասում էի՝ չէ, 8000 պետք է գրեմ, հլա 10 000 եմ գրելու, որովհետև այդպիսինն էին սոցիոլոգիական հարցումները: Հետո իրավիճակ էր փոխվել, ինչպես հիշում եք, խոստացվել էր ԸՕ-ն փոխել, և այն ժամանակ՝ նախորդ գումարման խորհրդարանում, որպես «Ալյանս» կուսակցության ներկայացուցիչ և «Ծառուկյան» դաշինքի մաս կազմող կուսակցության անդամ՝ ես իմ կուսակցական ընկերների հետ որոշում կայացրի առանձին մասնակցել ընտրություններին: Ծառուկյանն էր ինձ համոզում, որ՝ դու, հասկանո՞ւմ ես, չես ընտրվի, շանսերը քիչ են, էյֆորիկ վիճակ է, չես անցնի, դու իրավունք չունես խորհրդարանում չհայտնվելու, դու պետք ես խորհրդարանում: Սրանք ներքին խոսակցության էպիզոդներ են, որոնք երևի չէր լինի այլ առիթ բացահայտելու հանրության համար, բայց ԱԱԾ պատրաստած նյութից՝ ներքին խոհանոցը հրապարակ բերելուց հետո, ստիպված եմ սրա մասին խոսել»,- ասաց պատգամավորը:
Տիգրան Ուրիխանյանը նշեց, որ, երբ նախկին գործընկերներն ասում էին՝ 10, 20 կամ 50 հազար ձայն կբերեն, ինքն էլ է առաջարկել գրել, ստորագրել, թե ով ինչքան ձայն է ապահովելու. «Ձայն ապահովելու մեջ այդպիսի վատ բան կա՞: Էդ որևէ մեկդ չի՞ ուզել երբևէ ձայն ապահովի, չի՞ հպարտացել ապահոված ձայներով, թե՞ այն ընտրակարգը, որը չփոխվեց, չի ենթադրում անհատ թեկնածուի քվեն, թերթիկի մյուս կողմի վրա կուսակցական քվեն, ենթադրում է»:
Նա շարունակեց ընթերցել գրությունը. «Լիարժեք գիտակցում եմ, որ հետագա ամբողջ գործունեությունս կախված է բացառապես կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի որոշումից, ստանձնած արդյունքը չապահովելու դեպքում հրաժարվում եմ որևէ հավակնությունից նախընտրական ցուցակում լինելու: Այո, շնորհակալություն, ԱԱԾ, որ իմ պարկեշտ պարտավորվածությունը հրապարակել եք: Եվ մարդը, որին բերել է կուսակցությունը կամ որևէ դաշինք խորհրդարան, անհամաձայնության ժամանակ, իսկ ես հայտնի է, որ 2015թ. հետո ունեցել եմ լուրջ անհամաձայնություն ԲՀԿ-ի այն ժամանակվա կազմի հետ, հաջորդիվ կազմի հետ, հիմիկվա կազմից շատերի հետ, և դա նկատելի է եղել բոլորի համար ու դրսևորվել է տարբեր ձևերով, այո, ցանկացել եմ դուրս գալ: Դուրս գալուց էլ, ինչպես հիշում եք, ասել եմ՝ էս էլ՝ մանդատը, որովհետև ես պարտվել եմ ռեյտինգային ընտրակարգով, իսկ խորհրդարան ինձ բերել է Գագիկ Ծառուկյանը: Ու Ծառուկյանն է նորից ասել՝ ոչ, չպետք է մանդատդ դնես, որովհետև դու պետք ես երկրին և խորհրդարանին»:
Տիգրան Ուրիխանյանը դարձյալ հատված ընթերցեց գրությունից. «Պատրաստակամ եմ աշխատել թիմի, կուսակցության ու հայրենիքիս առաջընթացի ապահովման համար: Ես շնորհակալ եմ ԱԱԾ-ին, որ հրապարակեց այն, ինչ համեստորեն ես չէի հրապարակի երբեք և չէի թույլ տա ինձ ժողովրդին ասել, որ գիտե՞ք՝ նույնիսկ ներքին խոհանոցային ռազբորկաների ժամանակ ես պայման եմ դնում հայրենիքին ծառայելու հարցը: Շնորհակալ եմ շատ, ինչքա՜ն միջոց պետք է ծախսեի, որ այս PR-ն անեիք: Ու վերցրել են, խոշորացրել են գրությունս, մյուսների մի փոքր ավելի էմոցիոնալ գրություններից հատվածներ են բերում ու ասում են՝ Տիգրան Ուրիխանյանն էլ էր գրել: Է, լավ եմ արել, գրել եմ, հպարտանում եմ նրանով՝ ինչ գրել եմ, պարկեշտ եմ պահել ինձ՝ ըստ գրածիս, այդպես էլ պետք է լինի: Կարևորը՝ միշտ արել եմ այն, ինչ ծնվել է իմ գլխում, բոլոր որոշումները կայացրել եմ իմ սեփական քաղաքական մտքի գեներացման արդյունքում՝ ի շահ ժողովրդի»:
Պատգամավորը նշեց, որ անհամաձայնություններով հանդերձ՝ պաշտպանելու է Գագիկ Ծառուկյանին:
«Վարույթ իրականացնող մարմնի տրամադրած նյութերի և ԱԱԾ-ի կողմից պատրաստված տեսանյութի հիման վրա՝ պարոն դատախազ, Ձեր ուշադրությունն եմ բերում դատավարական գործընթացային խախտումների վրա, որպեսզի դուք շտկեք կամ շտկելու հանձնարարություն տաք. 2017թ. ընտրությունների վերաբերյալ հարուցված քրեական գործի նյութերի շրջանակում հրապարակավ զրպարտության, բարի համբավս արատավորելու ձևով ներկայացվում է մի թուղթ, որում գրված է՝ «Բարգավաճ Հայաստանի նախընտրական ցուցակ»: 2017թ. ԲՀԿ նախընտրական ցուցա՞կ է եղել: 2017թ. մասնակցել է «Ծառուկյան» դաշինքը, այսինքն՝ այս «փաստաթուղթը» իրավունք ունե՞ր այդտեղ տեղ գտնելու, հետևաբար՝ կարո՞ղ էին նաև այլ «փաստաթղթեր» այդտեղ լինեին կեղծ: Ես չեմ քննարկում ընտրակեղծիքների հետ կապված հարցեր, հանցագործը պետք է նստի բանտում, եթե արել է այդ հանցագործությունը, բա որ արած չեղա՞վ»:
Դիմելով իշխանության ներկայացուցիչներին՝ Տիգրան Ուրիխանյանն ասաց. «Բա, ասում եք՝ պատերազմ է հիմա, ասում եք՝ պատերազմում ենք կորոնավիրուսի դեմ, այդ թվում՝ սահմանին մեզ սպառնացող կորոնավիրուսի դեմ, բա էս ճգնաժամում հնարավոր չէ՞ր՝ միավորվել, միաբանվել»:
Մանրամասները՝ տեսանյութում