«Պարո՛ն դատախազ, դուք տապալվեցիք․․․». Նաիրա Զոհրաբյան

«Պարոն դատախազ, Դուք տապալվեցիք»,- այսօր խորհրդարանում դիմելով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Դուք կատարում եք այն մարդու քաղաքական պատվերը, որի համար 2018թ. ապրիլին միջնորդություն էիք ներկայացրել՝ չթույլատրված մասսայական անկարգություններ, հավաքներ, երթերի հիմքով՝ պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու համար: Դուք այսօր հաստատեցիք, որ Դուք քաղաքական պատվեր կատարող եք, և հաստատեցիք, որ պատրաստ եք կատարել թե՛ նախորդ իշխանության, թե՛ այս, թե՛ հաջորդիվ բոլոր հնարավոր իշխանությունների քաղաքական պատվերը»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Պատգամավորը նշեց, որ դատախազը չի կարողացել Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ որևէ փաստական ապացույց ներկայացնել. «Դուք չկարողացաք ներկայացնել որևէ փաստ, որ Ծառուկյանն ինքը էսինչին տվել է գումար, և գոնե ունեցաք այնքան պարկեշտություն, որ չասացիք՝ ասել է՝ ձայն կգնես: Դուք տապալվեցիք, որովհետև ընդունեցիք, որ 17 հազար մարդ, այն էլ՝ անուններով ցուցակագրված, մասնակցել է ընտրակաշառքի գործընթացին, բայց փաստացի այդ մարդկանցից որևէ մեկը պատիժ չի կրում: Ես չգիտեմ, թե այս ամենը ուր է տանելու, ես չգիտեմ՝ այս ամենը ինչ բացահայտումների է բերելու, բայց մի բան կարող եմ ասել՝ որպես պետական պաշտոնյա և գլխավոր դատախազ՝ դուք այս դահլիճում վերջացաք»:

Զոհրաբյանի խոսքով՝ Արթուր Դավթյանի բերած բոլոր ապացույցները չունեին արժանահավատություն. «Ո՞վ կարող է երաշխավորել, որ լրիվ այլ գործով իբր հայտնաբերված թղթերը դուք չեք պատրաստել կամ դուք չեք խմբագրել, ո՞վ, ընթերականե՞րը. Բերեք նրանց ԱԺ, մենք նրանց հարցեր ունենք տալու: Ո՞վ կարող է երաշխավորել, որ ձեր մատնանշած անձինք՝ ոմն Կիրակոսյան և ոմն Մուրադյան, ես լինելով ԲՀԿ քաղաքական խորհրդի քարտուղարը՝ առաջին անգամ եմ լսում այս անձանց անունները: Գործում նշվում է, որ իրենք որևէ կերպ չեն ակնարկել Ծառուկյանի անունը՝ գործարքի մեջ կամ ճնշման տակ չեն տվել ձեր նշած ցուցմունքները: Ովքե՞ր են նրանք, ի՞նչ հեղինակություն ունեն, ի՞նչ անցյալ ունեն, ի՞նչ նախկին քրեական գործերով են անցնում կամ չեն անցնում, արդյո՞ք հարցաքննվել են փաստաբանի մասնակցությամբ, ինչո՞ւ պետք է հավատանք նրանց»:

Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ չի ստացվելու նաև իր վրա քրեական գործ կարելու դատախազի ջանքերը. «Դուք վատ դատախազ եք, Դուք վատ իրավաբան եք, որովհետև Դուք բարոյականություն չունեցող մարդ եք: Դուք ինձ կարող եք մեղադրել էմոցիոնալ լինելու մեջ, բայց Նաիրա Զոհրաբյանը հենց այստեղ իր ձեռքը կկտրի, եթե ինչ-որ մեկը կապացուցի, որ Նաիրա Զոհրաբյանը կարող է ինչ-որ մեկին կաշառք տալ»:

Նա նշեց, որ այն ամենը, ինչ կատարվում է, զուգահեռաբար ուղարկելու է եվրոպական բոլոր կառույցներին. «Արդեն իրենք են անհանգստացած, երեկվանից դիմում են մեզ՝ տվեք հղումները, որ մենք հետևենք նիստին, և ուղարկեք բոլոր նյութերը: Էդ, որ ուզում եք իմ վրա գործ սարքել… գիտե՞ք, ես հասկանում եմ, որ Դուք իրավական ֆուտուրիզմի և իրավական սյուրռեալիզմի առումով անցել եք նախկիններին, գոնե նրանք որ գործ էին կարում և գալիս էին այստեղ, ինչ-որ իրավական տրամաբանություն փորձում էին դնել»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս