«Թող ապացուցեն՝ ես, օրինակ, անձամբ ո՞ւմ եմ զանգել». Գևորգ Պետրոսյան

Երեկ՝ ուշ երեկոյան, ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց, որ 2020 թվականի հունիսի 14-ին մի խումբ անձինք, անտեսելով հավաքների արգելքը՝ Երևան քաղաքի Նալբանդյան փողոցի 104 հասցեում՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության վարչական շենքի մոտակայքում, կազմակերպել և անցկացրել են հավաք: Նշված անձինք չեն ենթարկվել նոր կորոնավիրուսային հիվանդության համավարակի տարածումը կանխելու նպատակով սոցիալական հեռավորություն պահպանելու և հավաքը դադարեցնելու վերաբերյալ ՀՀ ոստիկանության օրինական պահանջներին, ուստի ժամը 22։00-ի դրությամբ 252 անձի նկատմամբ իրականացվել է վարչական ձերբակալում։

«Մի խումբ անձանց կողմից օրենքով սահմանված կարգի խախտմամբ դիտավորությամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ»,- նշվում էր ոստիկանության հաղորդագրության մեջ:

Այսօր 168.am-ը տեղեկություն ստացավ, որ միգուցե նշված քրեական գործի շրջանակներում շոշափվեն նաև ԲՀԿ-ական այլ պատգամավորների անուններ՝ որպես նշված հավաքի կազմակերպիչներ, և, որ հնարավոր է, պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու նրանց հարցն էլ դրվի:

Մեզ հետ զրույցում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն ասաց, որ ինքն այդ առումով որևէ հստակ ինֆորմացիա չունի:

«Իսկ ո՞վ է կազմակերպել. մարդիկ ինքնաբուխ եկել են: Եթե այս իշխանություններին թվում է, թե հիմա էլ այդ կերպ կարող են մեզ ահաբեկել, զուր ջանքեր են գործադրում»,- ասաց պատգամավորը:

Գևորգ Պետրոսյանը նշեց, որ դրա վերաբերյալ ինչ-որ բաներ լսել է, իհարկե, բայց դա անգրագիտության գագաթնակետը կլինի:

«Թող ապացուցեն՝ ես, օրինակ, անձամբ ո՞ւմ եմ զանգել: Ես որևէ մեկի չեմ զանգել ասել՝ արի քաղաք: Ես պատասխանատվությունից չեմ խուսափում, բայց ես որևէ մեկի չեմ զանգել, ինքս իջել եմ ԱԱԾ»,- եզրափակեց Գևորգ Պետրոսյանը:

Տեսանյութեր

Լրահոս