
Հարկային արտոնություն՝ 1 միլիարդ 44 միլիոն դրամ ներդրման հայտ ներկայացրած «Արմենիան Հելիքոփթերս» ընկերությանը

Կառավարությունը հունիսի 12-ի նիստում չզեկուցվող հարցերից մեկով հարկային արտոնություն տվեց «Արմենիան Հելիքոփթերս» ընկերությանը, որը ներմուծում է ուղղաթիռներ։
Նշենք, որ այս ընկերությունը քաղաքացիական ուղղաթիռներ շահագործող միակ ավիաընկերությունն է Հայաստանում, որն անընդհատ համալրում է իր ավիապարկը։
Ըստ ընկերության ներկայացրած ներդրումային հայտի՝ ներդրման համար նախատեսված գումարը կազմել է շուրջ 1.44 մլրդ դրամ, և անհրաժեշտություն է առաջացել փոփոխել ներմուծվող ուղղաթիռի ծածկագիրը և տեխնիկական բնութագիրը՝ ներմուծելիս առաջացող խնդիրներից խուսափելու համար:
Համաձայն ընկերության կողմից տրամադրված տեղեկատվության` ներդրումային ծրագրի շրջանակում իրականացվել է 2 մլրդ 718 մլն ՀՀ դրամի ներդրում և ստեղծվել է 18 նոր աշխատատեղ, իսկ կառավարության կողմից տրվող արտոնությունը խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման և նոր աշխատատեղերի ստեղծման։
Կառավարության որոշմամբ՝ «Արմենիան Հելիքոփթերս» ընկերությունը ստացավ ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն։