«Ժողովուրդն անաշխատանք նստած է, որտեղի՞ց ստեղծենք, ապրենք, դիմակ առնենք». քաղաքացին՝ արտակարգ դրության հետևանքների մասին

Արտակարգ դրության ընթացքում  մի շարք ոլորտների աշխատակիցներ, փաստորեն դարձել են գործազուրկ և արդյունքում բախվել ֆինանսական խնդիրների: 168.am-ի հարցումները ցույց տվեցին, որ նրանց մի մասը չի օգտվել նաև պետական աջակցության ծրագրերից: Աշխատե՞լ են արտակարգ դրության ընթացքում, թե՞ ոչ, բախվե՞լ են ֆինանսական խնդիրների, ինչպե՞ս են վերաբերվում դիմակներ կրելու պարտադրանքին. այս և հանրությանը հուզող մի շարք այլ հարցերի մասին զրուցել ենք մեր համաքաղաքացիների հետ:

«Ես աշխատել եմ, ֆինանսական որևէ խնդրի չեմ բախվել, բանկային համակարգի հետ կապված խնդիրներ ևս չեմ ունեցել: Ինչ վերաբերում է դիմակներին, ապա նկատում եմ, որ մարդիկ կրում են, իսկ ինձ համար նորմալ է, պետք է կրել, ուրեմն պետք է կրել»:

«Ես նոր եմ դուրս եկել աշխատանքի: Էս ընթացքում ֆինանսական խնդիրները լուծել ենք թոշակով: 31.000 թոշակ եմ ստանում, դրանով յոլա ենք գնում, հիվանդ, ինսուլտ տարած: Ես ու ամուսինս ենք ապրում, որևէ պետական աջակցություն չենք ստացել: Բանկային համակարգի հետ չեմ բախվել, վարկեր չունեմ: Իսկ դիմակների մասին, դիմակը պետք է  դնենք, մեր կյանքի համար՝ կարելի է»:

«Ես աշխատել եմ, մեր ընտանիքը որևէ ֆինանսական խնդրի չի բախվել: Ինչ վերաբերում է դիմակներին ու դրանց գներին, ապա  իմ աշխատանքն այնպիսին է, որ մենք ստանում ենք և պարտադիր օգտագործում ենք: Դժգոհ մարդիկ միշտ դժգոհ են, մի թեթև առիթ լինի, սազը վերցնեն ու բողոքեն, այս մարդիկ երկարաշարժ են հաղթահարել, պատերազմ, մի դիմակն էդ հարցը չէ»:

«Ես չեմ աշխատել: Ո՞վ է ասում, որ ֆինանսական խնդիրներս լուծել եմ: Պետական ոչ մի տեսակի աջակցություն չենք ստացել, չնայած ցանկալի էր, որ ստանայինք: Բանկային համակարգի հետ չեմ բախվել: Դիմակները շատ են թանկացել՝ 250 դրամ է դարձել, առանց աշխատանք մարդը ո՞նց կարա էդքան դիմակ առնի: Էս հարցը վարչապետը պետք է լուծեր, որ ժողովուրդն անաշխատանք նստած են, ու որտեղից բերենք, ստեղծենք, ապրենք, դիմակ առնենք, մեր գոյությունը պաշտպանենք: Ամեն ինչը թանկացել է, թող մի քիչ անապահովներին օգնի, որ կարողանան սովից չմեռնեն: Ես շաքարային դիաբետով հիվանդ 20 տարեկան տղա ունեմ, միայնակ մայր եմ՝ առանց աշխատանք, միայն աղջիկս է աշխատում, թող մեր նմաններին մի քիչ օգնեն, որ մենք էլ գոյատևենք»:

«Էն ժամանակ էլ եմ աշխատել, հիմա էլ եմ աշխատում: Ֆինանսական խնդիրներ չեմ ունեցել, ընդհակառակը անսպասելի գնացել-տեսել եմ, որ էլեկտրաէներգիայի ծախսը մուծված է: Այլ աջակցություն չեմ ստացել, կարիքը չեմ ունեցել, աշխատում եմ, վճարունակ եմ: Դիմակներն էլ եթե պետք է, ուրեմն պետք է կրենք»:

«Ես չեմ աշխատել, ֆինանսական խնդիրները մի կերպ ենք լուծել: Պետական որևէ աջակցություն չենք ստացել: Դիմակները կրելու պարտադրանքին նորմալ եմ վերաբերվում»:

«Ես աշխատել եմ, բայց բավականաչափ ուղևոր չեմ ունեցել, մարդիկ չկան, մարդիկ պետք է դուրս գան, շրջագայեն, որ մենք էլ տեղափոխենք: Կարանտինի ժամանակ շատ հազվադեպ էր լինում: Այս պահին էլ բավականաչափ ուղևոր չունենք, ժամը 9:30-ից մինչև հիմա կանգնած եմ: Յոլա ենք գնում: Պետական ոչ մի աջակցություն չենք ստացել: Բանկային համակարգի խնդիրներին, իհարկե, բախվել եմ, ինչպես սովորական հայ ժողովուրդը, բոլորս էլ այդ խնդրին բախվել ենք, բայց ի՞նչ կարող ենք անել: Դիմակները, եթե բժիշկներն ասում են, որ պետք է կրենք, ուրեմն պետք է կրենք, բայց իմ տարիքի մարդու համար շատ վատ է: Մենք թթվածին ենք շնչում, արտաշնչում ենք ածխաթթու գազ, էդ ածխաթթու գազի 30 տոկոսը մնում է դիմակի մեջ, ու մենք դա նորից շնչում ենք: Եթե մի քիչ երկար ժամանակ եմ կրում, ես թթվածնի պակաս եմ ունենում: Շատ բացասական եմ վերաբերվում վարչապետի կոչին՝ առանց դիմակ մարդկանց նկարելու մասին: Այսինքն՝ հասարակ ժողովրդին հանում են մեկը մյուսի դիմաց: Ասենք՝ մարդ ես, ճանապարհ ես գնում, քեզ վատ ես զգում, 1 րոպեով դիմակդ իջեցնում ես, էդ պահին նկարում են: Դուրս է գալիս ազգային թշնամություն, մեկս մյուսից սկսելու ենք վախենալ: Մեկը մի տեսարժան վայր ուզենա նկարի, ես մտածեմ, որ ինձ է նկարում առանց դիմակ, աղմուկ-աղաղակ անեմ, չի կարելի հասարակ ժողովրդին մեկը մյուսի դեմ հանել: Կառավարությունն ինքը պետք է լուծի էդ հարցերը, ոչ թե ժողովրդին իրար դեմ հանի, դրան շատ բացասական եմ վերաբերվում, աբսուրդ է»:

Տեսանյութեր

Լրահոս