«Այստեղ 60 հոգի մարդ է կանգնած: Այսինքն՝ ԱԺ-ի դիմաց չի կարելի, որովհետև այնտեղ Նիկոլը ելույթ է ունենում, իսկ այստեղ կարելի՞ է». Արթուր Դանիելյան

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Ազգային ժողովի դիմաց առանձին քաղաքացիներ միայնակ ակցիա էին իրականացնում՝ ընդդեմ հերթական անգամ երկարաձգված արտակարգ դրության ժամանակ հավաքների ազատության սահմանափակման:

Ոստիկանները մի քանի անգամ հորդորելուց հետո, որ դադարեցնեն հավաքը, ձերբակալեցին ակցիայի մասնակից իրավապաշտպաններ Ռուբեն Մելիքյանին և Ռոբերտ Հայրապետյանին, ինչպես նաև քաղաքացիներ Բաբկեն Հարությունյանին, Արմեն Գալստյանին ու տարան ոստիկանության Արաբկիրի բաժին:

Այս պահին ոստիկանության Արաբկիրի բաժնի մոտ բազմաթիվ քաղաքացիներ են հավաքվել՝ ի աջակցություն բերման ենթարկվածների:

Աջակիցներից «Ադեկվադ» միաբանության համահիմնադիր Արթուր Դանիելյանի նկատմամբ վարչական վարույթ իրականացվեց՝ դիմակ չկրելու համար, թեպետ վերջինս ասաց, որ կկրի դիմակ, ու հենց այդ պահին էլ կրեց այն:

Արթուր Դանիելյանի դիտարկմանը, թե այս պահին այստեղ 60-ից ավելի անձ կա՝ ի հետևանք այն բանի, որ իրենք միայնակ ակցիա իրականացրած 4 անձանց են բերման ենթարկել, ոստիկանության փոխգնդապետը պատասխանեց, որ նրանք բերման են ենթարկվել ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար:

«Ո՞րն էր պահանջը, որ միայնակ ակցիա՞ էր իրականացրել»,- ասաց Արթուր Դանիելյանը, ինչին ոստիկանը հակադարձեց՝ ոչ, միայնակ չի եղել:

«Բայց մենք էլ միայնակ չենք: Այստեղ 60 հոգի մարդ է կանգնած: Այսինքն՝ ԱԺ-ի դիմաց չի կարելի, որովհետև այնտեղ Նիկոլը ելույթ է ունենում, իսկ այստեղ կարելի՞ է: Ես ուզում եմ տրամաբանությունը հասկանալ: Ես ուզում եմ իմանաք, որ սա աջակցության ակցիա է, և ում էլ բերման ենթարկեն, գալու ենք աջակցենք»,- նշեց Արթուր Դանիելյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս