«Կարծում եմ, որ արտակարգ դրությունը կերկարացվի». Փաշինյան
Այսօր պարետատան նիստից հետո ճեպազրույցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց նաև լրատվամիջոցների հարցերին: Հարցին, թե հնարավո՞ր է, որ կորոնավիրուսով վարակի շատ դեպքեր լինելու պատճառով ու այն պատճառով, որ արտակարգ դրությունը հանելուց հետո դժվար կլինի մարդկանց պարտադրել, որ դիմակ կրեն, արտակարգ դրությունը երկարաձգվի, վարչապետը պատասխանեց.
«Նախ մեր նպատակը պարտադրելը չի, այլ մեր նպատակը իրազեկվածությունը բարձրացնելն է և մեր սիրելի հայրենակիցների հետ համագործակցելը համավարակի կանխարգելման առումով։ Ինչ վերաբերում է արտակարգ դրության երկարացմանը, այո, կա այդպիսի հավանականություն, և բավականին մեծ է այդ հավանականությունը: Կարծում եմ, որ, այո, արտակարգ դրությունը կերկարացվի»:
Մեկ այլ լրատվամիջոցի հարցին, թե արդյոք վարչապետը արդյունավե՞տ է գնահատում պոլիկլինիկաների աշխատանքը, քանի որ այս օրերին շատ ահազանգեր են ստանում վարակված քաղաքացիներից և պոլիկլինիկաների աշխատակիցներից, որոնցից առաջինները բողոքում են վատ սպասարկումից, երկրորդները՝ ծանրաբեռնվածությունից, հավելավճարների բացակայությունից և կադրային արտահոսքից, Փաշինյանն արձագանքեց.
«Երրոդ հանրապետության պատմության մեջ ամենամեծ առողջապահական խնդիրներից մեկը առողջապահության առաջնային օղակների արդյունավետության բարձրացումն է եղել, և էլի էստեղ մենք առաջնորդվում ենք «ճգնաժամը որպես հնարավորություն» հայեցակարգով և հույս ունենք և համոզված ենք, որ այս հակահամաճարակային պայքարի համատեքստում մենք լուրջ ներդրումներ կանենք պոլիկլինիկական համակարգում, և համակարգը այս համավարակի դեմ պայքարի արդյունքում էականորեն կուժեղանա և մենք կունենանք շատ ավելի դիվերսիֆիկացված առողջապահական համակարգ, և պոլիկլինիկաների արդյունավետությունը գնալով կբարձրանա և բարձրանում է։ Այո, սկզբնական շրջանում, երբ որ նրանք նոր էին ներգրավված, կար որոշակի խնդիրներ, և էսօր էլ կան, բայց արդեն ամեն օր ավելի քիչ ահազանգեր ենք ստանում: Ինչ վերաբերում է առողջապահական համակարագի աշխատողներին և ընդհանրապես, Դուք տեղյակ եք, որ մենք այդ քաղաքականությունն արդեն որդեգրում ենք, ՀՀ-ում բազմաթիվ աշխատողների, այդ թվում պոլիկլինիկական աշխատողների աշխատավարձը դեռ նախորդ տարվանից ավելացել է, բայց ընթացիկ այս իրավիճակում Կառավարությունը դիտարկում է, քննարկում է բոլոր անհրաժեշտ որոշումները՝ այդ թվում ֆինանսական, կկայացվեն»,-ասաց Փաշինյանը: