«Սկսում ենք հանդիպումներ խորհրդարանի ներսի և դրսի ուժերի հետ. Փաշինյանն օր առաջ պետք է հեռանա». «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ

Հայաստանում ստեղծված աղետալի վիճակն ունի կոնկրետ հասցեատեր, և այդ կոնկրետ հասցեատերն օրվա իշխանությունն է։ Այսօր 168 TV«Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Խաչիկ Գալստյանը։

Անդրադառնալով ստեղծված իրավիճակը փրկելու ելքերին և իրենց կուսակցության տեսլականին՝ Խաչիկ Գալստյանը նշեց.

«Համավարակով պայմանավորված՝ երկրում ստեղծվել է աղետալի իրավիճակ, ակնհայտ է, որ գործող կառավարությունը բոլոր ճակատներով տապալել է համավարակի դեմ պայքարը։ Այս իրավիճակից որևէ մեկ անձ չի կարող դուրս գալ, պետք է համազգային մոբիլիզացիա, երկրում չկա որևէ քաղաքական ուժ, որը կարող է միայնակ այս վիճակից երկիրը հանել, դրա համար հիմա հարկավոր է շտապ ձևավորել հակաճգնաժամային կառավարություն։ Այս քաղաքական օրակարգով մենք սկսելու ենք հանդիպումներ, քաղաքական խորհրդակցություններ և՛ խորհրդարանում, և՛ խորհրդարանից դուրս գտնվող ուժերի հետ։ Վստահ եմ, որ կձևավորվի լայն կոնսենսուս։ Հայաստանին սպառնում է մասշտաբային կատաստրոֆա, և շատ արագ պետք է բոլորի համախմբումը՝ առանց նախկին խռովությունների և անձնական մոտիվացիաների։ Պետք է հասնել նրան, որ օր առաջ երկրի ղեկավարը, որն այս իրավիճակի պատասխանատուն է, ինքնակամ շատ արագ հրաժարական տա։ Կարծում եմ՝ քաղաքական խոհեմությունը կհաղթի Փաշինյանի դեպքում, և ժողովրդի միջոցով իշխանության եկածը ժողովրդի պահանջով էլ կհեռանա»,- ասաց Խաչիկ Գալստյանը։

Նրա փոխանցամբ՝ հանրության շրջանում առկա է դժգոհության շատ մեծ ալիք, և էսպես շարունակելու դեպքում՝ ցանկացած պահի կարող է ուղղակի պայթել։

«Երկրում հասարակության ճնշող մեծամասնությունն է տեղավորվում վարչապետի մոդելավորած հիասթափվածների շարքում, բայց պետք է նկատել, որ հիասթափության անատոմիան ունի մեկ հասցեատեր, որի անունը Նիկոլ Փաշինյան է, ուստի չեմ կարծում՝ ժողովրդավար լիդերի փառքը վայելած անձը կարող է այդ աստիճան կառչած լինել աթոռից»,- նշեց Գալստյանը։

Ինչ վերաբերում է իշխանության կողմից հնչող այն քննադատություններին, թե Արթուր Վանեցյանը քաղաքական փորձառություն չունի և օգտագործում է Փաշինյանի իշխանության քաղաքական բագաժը, Խաչիկ Գալստյանը նկատեց.

«Հեղափոխությունն արել է ողջ հայ ժողովուրդը։ Հեղափոխությունը ոչ մեկի մենաշնորհը չէ, այդ թվում և՝ Փաշինյանի, սակայն հեղափոխության արդյունքներից կախարդական փայտիկի օգնությամբ օգտվեցին փոքրաթիվ մարդիկ, որոնց կարիերայի թռիչքային աճի հետ կապված՝ ժողովրդի մոտ հարցեր առաջացան, իսկ Վանեցյանն ունի 20 տարվա անցած ուղի»։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս