«Ակնարկ կա, որ գուցե Նիկոլ Փաշինյանը նահանջի ճանապարհներ է փնտրում». Վիգեն Հակոբյան

Արտակարգ դրությունն ունի իր առանձնահատկությունները, որոնք առաջին հերթին ենթադրում են բոլոր կոմպետենտ մասնագետների, քաղաքական ուժերի կոնսոլիդացիա: Իշխանությունը պետք է ըստ ոլորտների բոլոր փորձագետներին համախմբեր, քննարկումներ տեղի ունենային և համապատասխան քայլեր ձեռնարկվեին: Վարչապետը նախկին վարչապետների, նախագահների հետ քննարկումներ ունենար, առողջապահության նախարարը՝ առողջապահության նախկին նախարարների հետ, և այդպես շարունակ: Հայաստանում արտակարգ դրության հաստատումից հետո գրեթե բոլոր քաղաքական ուժերը պատրաստակամություն էին հայտարարել այս իրավիճակում միավորվել և օգնել իշխանություններին:

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի կարծիքով՝ այդ համախմբումը տեղի չունեցավ, որովհետև այսօրվա իշխանությունները շարունակում են մնալ դեռևս 2 տարի առաջ ստացած քվեների էյֆորիայի տակ:

«Մինչև հիմա համարում են, որ իրենք անսխալական են, որ հանրային բացառիկ վստահություն ունեն, իրենց մոտեցումները միակ ճիշտն են: Դրանով է պայմանավորված, որ այն աշխատաոճը, որն ունեին իշխանության գալուց հետո, պահպանվեց մինչ այսօր: Այսինքն՝ իրենք չկարողացան սթափ և ադեկվատ գնահատել, որ նման ճգնաժամի պայմաններում անհրաժեշտ է բոլոր ռեսուրսների կոնսոլիդացիա: Իրենք ի սկզբանե էլ բավականին անլուրջ էին վերաբերվում այս ամենին, չեմ էլ ուզում հիշեցնել՝ ինչ բնութագրումներ էին տալիս կորոնավիրուսին, ինչեր էր ասում առողջապահության նախարարը, որն այն գլխավոր պաշտոնյան է, որը պետք է մեծ ազդեցություն ունենար առողջապահական խնդիրների և կորոնավիրուսի դեմ պայքարի քաղաքականությունը մշակելու վրա, որովհետև անկախ նրանից՝ ով է երկրի ղեկավարը, ինչ-որ մի բանի վրա պետք է հիմնվի այդ ղեկավարը: Ես կարծում եմ՝ ռեալ տարբերություն չզգացին՝ ինչ է նշանակում՝ կառավարել խաղաղ պայմաններում, և ինչ է նշանակում՝ կառավարել ճգնաժամային պայմաններում»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Վիգեն Հակոբյանը:

Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում վերջին օրերին հրապարակվող լուսանկարներին և տեսանյութերին, որտեղ քաղաքացիները, ըստ վարչապետի՝ չեն պահպանում պարետատան կողմից սահմանված կանոնները, Վիգեն Հակոբյանն ասաց, որ դա ֆլեշմոբային տեխնոլոգիա է և ցույց է տալիս վարչապետի թուլությունը.

«Երբ դու զբաղեցնում ես վարչապետի պաշտոնը, երբ դու փաստացի երկրի գուխն ես, ունես բազմաթիվ այլ ռեսուրսներ՝ ինֆորմացիա ստանալու համար: Սա ցույց է տալիս, որ վարչապետը սկսում է հասկանալ, որ ինքը չի տիրապետում իրավիճակին: Արդեն շատ վաղուց վարչապետն ուղղակիորեն չի տիրապետում իրավիճակին, ինքն էլ վերջերս հայտարարեց, որ իրեն սխալ են զեկուցել, նույնիսկ խրոխտ ձայնով ասաց, որ լուրջ խոսակցություն է ունեցել թե՛ ոստիկանապետի, թե՛ ԱԱԾ տնօրենի հետ: Այսինքն՝ բավականին կոշտ խոսակցություն ունեցել է, ամենայն հավանականությամբ, այն պատճառով, որ հասկանում է՝ վաղուց ամբողջ ինֆորմացիային չի տիրապետում և հույսը դնում է սովորական օգտատերերի ուղարկած նյութերի վրա:

Սա աբսուրդ է, երբ վարչապետն իր էջում դնում է նյութեր, հետո դրանք հեռացնում է, որովհետև պարզվում է, որ դրանք թարմ չեն, գուցե ինչ-որ մեկի չար կատակն է եղել: Ես չգիտեմ՝ աշխարհում կա՞ նման դեպք, երբ որևէ ռեստորան վարչապետին կարող է մեղադրել, որ չճշտված ինֆորմացիա է տեղադրում և իր բիզնես վարկանիշի վրա ազդում է»:

Հարցին ՝ այս իրավիճակում, երբ թվերն ավելանում են հարյուրներով, մարդիկ մահանում են, ըստ վարչապետի՝ առողջապահական համակարգը ճկռում է, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում քաղաքական գրառում է կատարում և անդրադառնում «Լուսավոր Հայաստանից» հնչող քննադատություններին. որքանո՞վ է սա նորմալ, նա պատասխանեց.

«Այդ նախարարը տապալել է այն ամենը, ինչ հնարավոր էր: Ես նույնիսկ կարող եմ տեսականորեն ընդունել, որ այն թիմը, որը զբաղվում է այս կորոնավիրուսի թեմայով, մինչճգնաժամային շրջանում գուցե կարողանում էր արդյունք տալ: Բայց մի բան է՝ խաղաղ պայմաններում կառավարել ոլորտը, այլ բան է՝ կառավարել ոլորտն այսպիսի խորը ճգնաժամային պայմաններում: Մասնավորապես, երբ խոսքը վերաբերում է համավարակի դեմ պայքարին, ապա պարզ է, որ առաջին պլան է մղվում հենց առողջապահական ոլորտը:

Ես նույնիսկ չեմ էլ ուզում խոսել այն մասին, թե ինչ էր ինքն ասում այս երեք ամիսների ընթացքում և ինչ է շարունակում հիմա ասել: Գրեթե իր բոլոր բրիֆինգները, ասուլիսները, ֆեյսբուքյան գրառումները նոր սկանդալի թեմա են առաջացնում և դեպրեսիոն իրավիճակ են ստեղծում երկրում: Դուք կգնա՞ք որևէ բժշկի մոտ, որը ձեզ տեսնելիս՝ ասելու է՝ քո գործերը վատ են, դու շուտով մահանալու ես և հույսդ միայն քեզ վրա պետք է դնես: Դա նույնիսկ հակամասնագիտական է: Առողջապահության նախարարը մեր երկրի գլխավոր բժիշկն է տվյալ դեպքում, և մարդիկ, որոնք որևէ բան չեն հասկանում բժշկությունից, ուզում են լսել մի մարդու, որը մասնագետ է և որը, եթե խորհուրդ է տալիս, օրինակ՝ դիմակ կրել, ուրեմն մի բան հասկանում է: Տվյալ դեպքում նա հասարակության համար հաստատ հեղինակություն չէ, և դրանում հենց ինքն է մեղավոր»:

Դիտարկմանը՝ Նիկոլ Փաշինյանը կարծես գոհ է նախարարի աշխատանքից, նա այսպես արձագանքեց. «Եթե Նիկոլ Փաշինյանը գոհ է նրա աշխատանքից, ապա այսօրվա իրավիճակի համար մեղավորը հենց Նիկոլ Փաշինյանն է: Եթե դու անընդհատ բացասական մեսիջներ ես ուղարկում հասարակությանը, հասարակությունը հասկանում է, որ տենդենցը միայն բացասական է լինելու, և համակարգի այն մարդիկ, որոնք տապալել են համակարգը, շարունակում են պաշտոնավարել, իրենք պատկերացում էլ չունեն՝ ինչպես դրա դեմն առնել, չունեն  նոր կոնցեպցիաներ, և նրանց չես փոխում, հասարակությանը դրական մեսիջներ չես ուղարկում, հասարակությունը հույս չունի, որ որևէ բան փոխվելու է, այդ պայմաններում հասարակության մոտ անվստահություն է լինում, և, ի վերջո, դառնալու է ապատիա»:

Քաղտեխնոլոգի խոսքով՝ այս պահին Նիկոլ Փաշինյանը պատրաստ չէ իր հրաժարականի շուրջ խոսել.

«Թեպետ կան քաղաքագիտական, փորձագիտական շրջանակներ, ովքեր հետևելով Նիկոլ Փաշինյանի վերջին տասը օրվա գործողություններին՝ տպավորություն են ստանում, թե Նիկոլ Փաշինյանն այնպիսի գործողություններ է անում, որոնք բերելու են իր վարկանիշի անկմանը: Իհարկե, ակնարկ կա, որ գուցե Նիկոլ Փաշինյանը նահանջի ճանապարհներ է փնտրում: Ես դժվարանում եմ դրան հիմա գնահատական տալ:

Ես ասում եմ այն կարծիքը, որ կա որոշակի փորձագիտական շրջանակներում: Ես կարծում եմ՝ ավելի ռեալ կարող է լինել այն տարբերակը, երբ ասում են՝ ստեղծվի հակաճգնաժամային կառավարություն՝ բանակցություններ սկսվեն, փորձեն հակաճգնաժամային կառավարություն ձևավորել, որի ֆունկցիան լինելու է մեկը՝ ճգնաժամից հանել երկիրը: Հետո գուցե առաջանար արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցը»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս