Բաժիններ՝

Ինչո՞ւ է Սոֆյա Հովսեփյանը մեղավորներ նշանակում

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում շարունակում էր հրապարակել այն լուսանկարներն ու տեսանյութերը, որոնցում տեսանելի էր, որ քաղաքացիները խախտում են պարետի ցուցումները` կապված կորոնավիրուսային համավարակի տարածման կանխարգելման հետ:

Այդ տեսանյութերից մեկում Երևան քաղաքի ենթակայության ներքո գտնվող դպրոցներից մեկի բակի տեսարանն էր, ուր տիրում էր տոնական տրամադրություն. Շրջանավարտները եկել էին ավարտական վկայականներ ստանալու:

Հավանաբար հենց այս տեսանյութը նկատի ունենալով` Ազգային ժողովի  իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Այսօր դպրոցները ստուգվում են և մի շարք խախտումներ կան արդեն, բայց 100% վստահ եմ, որ կամ տնօրեն կպատժվի, կամ քաղաքապետարանի այլ աշխատակից, տեսուչ, գործավար և այլն, բայց Աննա Ստեփանյանը սարի պես կանգուն կմնա։ Կեցցե հզորը։ Բոլորը մեղավոր են, բացի իրենից։»

Անհասկանալի է, իհարկե, պատգամավորի մտասևեռումը կոնկրետ այս պաշտոնյայի նկատմամբ, որովհետև առաջին անգամը չէ, որ ֆեյսբուքյան գրառմամբ նա անդրադառնում է կոնկրետ Աննա Ստեփանյանի անձին, բայց, այնուամենայնիվ, 168.am-ը փորձեց հենց Քաղաքապետարանից ճշտել` ի՞նչ պետք է աներ կրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը, որ չի արել:

Քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանին խնդրեցինք մեկնաբանել պատգամավորի գրառումը, ապա անդրադառնալ վարչության պետի հետ կապված խնդրին, ներկայացնել, թե ինչ  թերացումներ է թույլ տվել կոնկրետ այս հարցում Աննա Ստեփանյանը:

«Ձեր թույլտվությամբ՝ ես չեմ մեկնաբանի պատգամավորի խոսքերը և ընդամենը կներկայացնեմ, թե ինչ գործողություններ է իրականացրել հանրակրթության վարչությունը այս օրերին, այս պայմաններում վկայականների հանձնման գործընթացը կազմակերպելու համար: Մասնավորապես, վարչության պետի մասնակցությամբ հեռավար խորհրդակցություններ են տեղի ունեցել բոլոր դպրոցների տնօրենների հետ, որոնց ընթացքում մանրակրկտորեն ներկայացվել են ավարտող դպրոցականների վկայականների հանձնման և դասագրքերի վերադարձման կարգը»,- ասաց Հակոբ Կարապետյանը:

Ըստ Քաղաքապետի խոսնակի` հանրակրթության վարչությունը կազմել է ժամանակացույց, համաձայն որի` երեխաները պետք է 10 րոպե ընդմիջմամբ մոտենան ու ստանան իրենց վկայականները:

«Նպատակը շատ պարզ է: Այդ ամենն արվել է, որպեսզի կուտակումներ չլինեն և հակահամաճարակային անվտանգության կանոնները մաքսիմալ կերպով պահպանվեն: Սա նաև, բնականաբար, բխում է Առողջապահության նախարարության, պարետատան ու նաև ԿԳՄՍ ցուցումներից»,- նշեց Հակոբ Կարապետյանը:

Խոսնակի խոսքով` ցավոք սրտի, եղել են տնօրեններ, որոնք չեն հետևել ցուցումներին, կան մի քանի դպրոցներ, որտեղ խախտումներ են հայտնաբերվել, և դրանց, բնականաբար, կհետևեն կարգապահական տույժեր:

Դիտարկմանը, թե, փաստորեն, տնօրենները պատշաճ տեղեկացվա՞ծ են եղել, և ըստ այդմ՝ խախտումների համար իրե՞նք են պատասխանատվություն կրում, Հակոբ Կարապետյանը պատասխանեց, որ՝ այո, բոլոր դպրոցների տնօրենները պատշաճ կերպով տեղեկացված են եղել վկայականների հանձնման կարգից, նրանց տրվել են համապատասխան մանրամասն ցուցումներ:

«Պատասխանատվություն, ինչպես ասում են, կրում են բոլորը, իսկ խախտումները կներկայացվեն իրավաբանական վարչություն, կլինեն հետևանքներ»,- նկատեց Հակոբ Կարապետյանը:

Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ է Սոֆյա Հովսեփյանը կոնկրետ մեղավոր նշանակել, Երևանի քաղաքապետի խոսնակն ասաց, որ ստիպված է կրկնել` ինքը չի ուզում մեկնաբանել պատգամավորի խոսքերը կամ վարքագիծն այս առումով:

Հետաքրքիր է, ամեն դեպքում, թե ինչու է ԱԺ պատգամավորը թիրախավորել հանրակրթության վարչության պետին, որովհետև ԿԳՄՍ նախարարը նույնիսկ ոչ մեկ անգամ հայտարարել է, որ վկայականների հանձնման ժամանակ հակահամաճարակային միջոցառումների խախտման համար պատասխանատվություն կրում են կրթօջախների ղեկավարները:

Բարդ է պատկերացնել, թե էլ ինչ պետք է աներ հանրակրթության վարչության պետը, ով հաստատ չէր կարող 150-ից ավելի դպրոցներում ապահովել իր ներկայությունը, որ ամեն բան իր հսկողության ներքո տեղի ունենար:

Պատգամավորի գրառման ներքո ծավալված մեկնաբանությունների մեջ մի բան, սակայն, շատ տհաճ տպավորություն թողեց: Օգտատերերից մեկի հարցին, թե ով է Աննա Ստեփանյանը, պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը պատասխանել է` ամենայն հայոց վարչության պետը:

Ազգայնական դիրքերից հանդես եկող պատգմավորը, թերևս, պետք է իմանար, որ «Ամենայն հայոց…» պատվանունով դիմում են միայն Ամենայն Հայոց կաթողիկոսին, և այս ձևակերպումն իրապես անարգանք է Կաթողիկոսի նկատմամբ, որ կամա թե ակամա իրեն թույլ է տվել նշված պատգամավորը:

Տխուր է, երբ անձնական հակակրանքը բերվում է հանրային դաշտ, առավել տխուր է, երբ դա արվում է պատգամավորի կողմից, և շատ մտահոգիչ է, երբ այդ ճանապարհին գործիք են դառնում նաև ազգային խորհրդանիշները:

Հ.Գ. Նյութը պատրաստ էր հրապարակման, երբ տեղեկացանք, որ Երևանի թվով 6 դպրոցների տնօրեններին հայտարարվել է նկատողություն 2020թ․ հունիսի 3-ին 9-րդ դասարանի շրջանավարտների հիմնական կրթության վկայականների հանձնման միջոցառման ընթացքում պարետատան կողմից սահմանված անվտանգության կանոնները պատշաճ չպահպանելու համար՝ Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան հ․ 11 հիմնական դպրոցի տնօրեն Գայանե Միրզոյանի, հ․ 98 հիմնական դպրոցի տնօրեն Մարիաննա Ավագյանի, Արմեն Հովհաննիսյանի անվան հ․ 194 հիմնական դպրոցի տնօրեն Նունե Մանուկյանի, Հ․Իսակովի անվան հ․132 հիմնական դպրոցի տնօրեն Լիլիթ Հովհաննիսյանի, Պուշկինի անվան հ․ 8 հիմնական դպրոցի տնօրեն Նատալյա Ստեփանյանի, հ․ 120 հիմնական դպրոցի տնօրեն Արմինե Քոչարյանի նկատմամբ Երևանի քաղաքապետի կարգադրություններով կիրառվել է «նկատողություն» կարգապահական տույժը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս