Մարությանը չի ազատվում նախկին կադրերից

Ավագանու հետ հարցուպատասխանի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության անդամ Պավել Սարգսյանը Հայկ Մարությանին հարցրեց, թե ինչպե՞ս է նա իրականացնում կադրային քաղաքականությունը, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր լայվերից մեկի ժամանակ ասել էր, որ պետք է ազատվել նախկին իշխանության ներկայացուցիչներից, «Սերժի թափթփուկներից»: Քաղաքապետը նշեց, որ ինքը սկզբունքներ է որդեգրել, որոնք և պահում է անցած մեկ ու կես տարվա ընթացքում.

«Ամենակարևոր սկզբունքը կադրի պրոֆեսիոնալիզմն է՝ այդ մարդը կարո՞ղ է օգուտ տալ համայնքին, քաղաքացուն, թե՞ ոչ, ինքն իր պարտականությունները պատշաճ որակով կկատարի՞, թե՞ ոչ: Պարտականությունների կատարման մեջ մտնում է նաև այն, որ աշխատակիցը հատուկ չխանգարի մարմնի գործունեությունը, վնաս չտա համայնքին, Երևանի բնակչությանը: Եթե այս չափանիշերին համապատասխանում է, ապա ինքը կարող է աշխատել, եթե այս պահին չի զբաղվում կոռուպցիայով, լծված է աշխատանքի, օգուտ է տալիս համայնքին, ինքը պետք է աշխատի մինչև այն պահը, երբ չի կարող օգուտ տալ: Իսկ եղել է մարդը ՀՀԿ-ակա՞ն, թե՞ ՀՀՇ-ական, թե՞ Կոմունիստական պարտիայի ներկայացուցիչ, կարծում եմ՝ կարևոր չէ: Քաղաքականությունը և պրոֆեսիոնալիզմը չի կարելի խառնել քաղաքական հայացքների հետ: Մենք առաջ պայքարում էիք այն մարդկանց համար, որոնց աշխատանքից հանում էին, որովհետև ընդդիմադիր են»:

Քաղաքապետի խոսքով՝ կապ չունի, թե ի՞նչ տեսակի քաղաքական գործունեությամբ է զբաղվում մարդն աշխատանքից հետո, կարևոր է, որ դա չխանգարի ու չառնչվի իր աշխատանքին:

«ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ունի իրավունք անդամակցելու յուրաքանչյուր կուսակցության»,- ասաց Մարությանը:

Ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանի այն պնդմանը, թե ուրախ է, որ քաղաքապետը ձերբազատվել է «սև ու սպիտակի» սկզբունքից, Մարությանն արձագանքեց, որ «սևն ու սպիտակը» միշտ արդիական են:

Տեսանյութեր

Լրահոս