«Միքայել Մինասյանի կալանավորման միջնորդությունը մակագրվել է մի դատավորի, ով բավարարել է Գագիկ Խաչատրյանի, Սամվել Մայրապետյանի, Վահագն Հարությունյանի, Արա Մինասյանի կալանքի միջնորդությունները. ամեն ինչ ակնհայտ է». Ամրամ Մակինյան
Այսօր «Ժողովուրդ» օրաթերթը գրել է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ քրեական գործ է հարուցվել Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի նկատմամբ և նրան կալանավորելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան։ Գործը մակագրվել է դատավոր Արտուշ Գաբրիելյանին։ Քրեական գործի հիմքում ընկած է Մինասյանի հայտարարագրում եղած տվյալը, ըստ որի՝ իրեն պատկանող բաժնեմասի օտարումից նա իրականում ստացել է ավելի քիչ գումար, քան նշված է եղել հայտարարագրում։
«Ժողովուրդ» օրաթերթի իրավապահ համակարգի աղբյուրների փոխանցմամբ՝ նախորդ դատական նիստերում Միքայել Մինասյանի պաշտպանական թիմը պնդել է, թե կատարվածը տեխնիկական վրիպակի արդյունք է և որպես հիմնավորում ներկայացրել է այն, որ նշված ավել գումարը երբեք չի փոխանցվել նախկին դեսպանին։ Դատախազության մեր աղբյուրը հայտնեց, որ մինչև այս ամսվա վերջ դատավորը բավարարելու է Մինասյանին կալանավորելու միջնորդությունը»,- գրել էր թերթը:
168.am-ը Հատուկ քննչական ծառայությունից փորձեց ճշտել, թե կա՞ հարուցված քրեական գործ, և Միքայել Մինասյանին կալանավորելու միջնորդությամբ նախաքննական մարմինն արդյո՞ք հանդես է եկել: Մեզ պատասխանեցին, որ նման քրեական գործ ՀՔԾ-ում չկա հարուցված:
Կապ հաստատեցինք նաև Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի ղեկավար Արմեն Ասլանյանի հետ` ցանկանալով տեղեկանալ, թե արդյո՞ք դատավոր Արտուշ Գաբրիելյանի վարույթում նման գործ կա, սակայն նրա աշխատանքային հեռախոսահամարին մեր զանգերն անպատասխան մնացին:
Միքայել Մինասյանի հետ կապված քրեական գործի առկայությունը հերքեցին նաև Քննչական կոմիտեում:
Դատախազությունից էլ ասացին, որ թերթի տեղեկության վերաբերյալ մեկնաբանություն չունեն:
Խոսեցինք նաև Միքայել Մինասյանի պաշտպանական թիմի անդամ Ամրամ Մակինյանի հետ: Վերջինս, ի պատասխան մեր հարցի, ասաց, որ քրեական գործը հարուցվել է Պետական եկամուտների կոմիտեում, հաստատեց նաև, որ կալանավորման միջնորդության գործը քննելու է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դատավոր Արտուշ Գաբրիելյանը:
Վերջինս ընդգծեց մի հանգամանք, որ Միքայել Մինասյանի կալանավորման անհրաժեշտությունը փաստորեն այս քրեական գործով այնքան կարևոր է, որ վարույթ իրականացնող մարմինը մեկ շաբաթ սպասել է, մինչև Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանի հերթապահության ժամկետն ավարտվի, որը համապատասխանել է նախաքննական մարմնի կողմից որպես մեղադրյալ ներգրավելու ժամանակահատվածին:
«Մեկ շաբաթ սպասելուց հետո, երբ հերթապահությունն ավարտվել է ու Ավան-Նոր Նորքից փոխանցվել Երևան քաղաքի Ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրին, նոր միայն որոշել են կալանավորման միջնորդություն ներկայացնել, քանի որ հավանականությունը 100 տոկոս էր, որ Ավան և Նոր Նորք նստավայրի դատավորները, որոնք աչքի են ընկնում իրենց համարձակությամբ ու նաև անաչառ դատական ակտերով, ուղղակի չէին բավարարի Միքայել Մինասյանի կալանավորման միջնորդությունը»,- ասաց Ամրամ Մակինյանը:
Ըստ փաստաբանի` ինչպես որ ցույց է տալիս գործի այսօրվա ուղղությունը, Միքայել Մինասյանի կալանավորման միջնորդությունը մակագրվել է մի դատավորի, ով բավարարել է Գագիկ Խաչատրյանի, Սամվել Մայրապետյանի, Վահագն Հարությունյանի, Արա Մինասյանի կալանքի միջնորդությունները: