Պարետից պահանջում եմ հրահանգել ոստիկանությանը՝ չտուգանել աղքատ քաղաքացիներին. Մարուքյանը՝ կարի ֆաբրիկայի աշխատակիցներին տուգանելու մասին
Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցները լսել են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է՝ ապրիլի 20-ից կթույլատրվի տեսքստիլ ոլորտի աշխատանքը, ապրիլի 21-ին գնացել են աշխատանքի և տուգանվել. 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով «Գլորիա» կարի ֆաբրիկայում այսօր տեղի ունեցած իրադարձություններին՝ ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար էդմոն Մարուքյանը:
«Ուզում եմ ուշադրություն հրավիրել հատկապես այն բանի վրա, որ տուգանվել են մարդիկ, որոնք գտնվում են ծանր սոցիալական վիճակում, նրանք ոչ կառավարության աջակցության ծրագրերից են կարողացել օգտվել, ոչ հնարավորություն ունեն այդ ընկերուրությունից վճարումներ ստանալու, հետևաբար՝ միակ ելքը շարունակում է մնալ աշխատելը, մինչդեռ, ի հեճուկս կառավարության հայտարարության, ոստիկանությունը գնացել է ու այս մարդկանց տուգանել»,- ասաց Մարուքյանը:
Նրա խոսքով՝ իրենք հետամուտ են լինելու՝ հասկանալու համար, թե ինչ քաոսային իրավիճակ է տիրում պարետատանը, և ինչով է պայմանավորված հայտարարությունների և իրական կյանքի միջև առկա այս տարբերությունը:
«Թեև այս տարբերությունը նշանակում է, որ մենք գործ ունենք ոչ կոմպետենտ մարդկանց հետ, որոնք ամեն օր՝ իրենց գործունեությամբ, յուրաքանչյուրը ձախողում է իրեն վստահված ոլորտը՝ տվյալ պարագայում՝ պարետատան աշխատանքը»,- ասաց Մարուքյանը՝ ընդգծելով, որ ստեղծված իրավիճակում ոստիկանությունը կարող է ուղղակի չեղարկել կազմած արձանագրությունները:
«Պարետատնից, պարետից պահանջում եմ համապատասխան հրահանգներ իջեցնել ոստիկանությանը, և առանց այն էլ ճգնաժամի հարվածի տակ հայտնված, պետական աջակցությունից դուրս մնացած, աղքատ քաղաքացիներին չտուգանեն, հակառակ պարագայում կստացվի՝ կարկուտը ծեծած տեղն է ծեծում, ինչն ուղղակի խայտառակություն է»,- ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը:
Հավելենք, որ արդեն մի քանի ժամ է՝ 168.am–ին չի հաջողվում պարետ Տիգրան Ավինյանի՝ տեքստիլի արտադրության վերաբերյալ որոշման լինել-չլինելու մասին տեղեկատվությունը ճշտել պարետատնից:
Հիշեցնենք, որ ավելի վաղ աշխատակիցների տուգանվելու մասին 168.am-ի հետ զրույցում հայտնել էր «Գլորիա» կարի ֆաբրիկայի տնօրեն Բագրատիոն Դարբինյանը: