Եթե այս ընկերությունները սնանկացան, այդ գույքն էլ չի բավարարի բանկերի գումարը վերադարձնելու համար. Մեխակ Ապրեսյան
«Զբոսաշրջության ոլորտը զրկված է եկամուտներից, բայց ունի հարկային և վարկային մեծ պարտավորություններ ու կանգնած է լուրջ խնդրի առաջ»: Այսօր տուրիստական ընկերությունների կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ ասաց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը:
«Մարդիկ, տեսնելով, որ տրանսպորտային ծառայությունները զբոսաշրջության ոլորտում աճում են, վարկեր են վերցրել, ներդրումներ կատարել և ստեղծել բարձրակարգ ավտոբուսների պարկ՝ ակնկալելով, որ այս տարի ավելի լայն չափով աճ կունենա զբոսաշրջության ոլորտը: Կորոնավիրուսի համաճարակի հետևանքով, սակայն, անկանխատեսելի հանգամանքներ ի հայտ եկան, ու զբոսաշրջությունը կանգ առավ և կանգնած է մեծ խնդրի առաջ: Տրանսպորտային ընկերությունները կանգնած են իրական սնանկացման խնդրի առաջ, իսկ որպեսզի դա տեղի չունենա, կա՛մ բանկերը ողջամիտ ժամկետով վարկային արձակուրդ պետք է ձևակերպեն՝ այսինքն՝ այդ ողջամիտ ժամկետը տեղափոխեն՝ հաշվի առնելով, որ ոլորտի իրական վերականգնում կլինի 2021 թվականի ապրիլից, կա՛մ, եթե բանկերը դժվարանում են այդքան ժամանակով վարկային արձակուրդ տրամադրել, ապա Կառավարության կողմից ընդունված տնտեսական աջակցության ծրագրերը տարածել նաև այս ոլորտի վրա ու թույլ տալ արտոնյալ վարկային միջոցներն օգտագործել առկա վարկային պարտավորությունները կատարելու համար: Իրականում, եթե այս ընկերությունները սնանկացան, այդ գույքն էլ չի բավարարելու բանկերի գումարը վերադարձնելու համար»,- ասաց Ապրեսյանը:
Նրա խոսքով՝ Կառավարությունը պետք է հատուկ աջակցության ծրագիր ընդունի զբոսաշրջության ոլորտի համար՝ այս ոլորտի համար սահմանելով 12-ամսյա արտոնյալ ժամանակահատված՝ հատկացված վարկերը մարելու համար: