Արտակարգ դրության ընթացքում 104 վարորդ զրկվել է վարորդական իրավունքից. փոխոստիկանապետ
Մարտի 16-ից ապրիլի 16-ը Հայաստանում արձանագրվել է մարմնական վնասվածքներով 225 ճանապարհատրանսպորտային պատահար. ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը: Նրա խոսքով՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ դեպքերը նվազել են 117-ով:
«225 ճանապարհատրանսպորտային պատահարներից զոհվել է 17 մարդ, 339-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: 2019-ի նույն ժամանակահատվածում գրանցվել է 342 ճանապարհատրանսպորտային պատահար, որի արդյուքնում զոհվել է 19 մարդ, 501-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել»,- ասաց Մհրյանը:
Փոխոստիկանապետի խոսքով՝ այս պատահարներից 93-ը տեղի են ունեցել Երևանում, արդյունքում՝ զոհվել է 1 մարդ, 137-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ:
«132 պատահար տեղի է ունեցել մարզերում, զոհվել է 16 մարդ, 202-ը մարմնական վնասվածքներ են ստացել»,- ասաց Մհրյանը:
Չնայած հայտարարված արտակարգ դրությանը՝ իրավախախտումները ևս՝ թե՛ Երևանում, թե՛ մարզերում, քիչ չեն եղել:
«Տեսանկարահանող, լուսանկարահանող և արագաչափ սարքերով արձանագրված իրավախախտումների վերաբերյալ գործերով հայտնաբերվել է 36.689 իրավախախտում, որից 19.016-ը՝ խաչմերուկների տարածքում, 17.673-ը՝ արագության գերազանցման համար»,- ասաց Մհրյանը:
ՃՈ ՃՊԾ անձնակազմը 21.268 վարչական իրավախախտման արձանագրություն է կազմել: Այս ընթացքում վարորդական իրավունքից զրկվել է 104 քաղաքացի:
«Երևանում 7266 վարչական իրավախախտման արձանագրություններից 1626-ը անվտանգության ամրագոտի չկապելու համար են եղել, 199-ը՝ դիմապակու լուսաթափանցելիության կանոնները խախտելու համար, 65-ը՝ ոչ սթափ վարելու, 192-ը՝ արագության գերազանցման, 753-ը՝ նշանների կամ գծանշման պահանջները չկատարելու համար, 69-ը՝ առանց վարորդական վկայականի վարելու համար, 103-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի վարելու համար, մնացածը՝ այլ իրավախախտումների համար»:
Մարզերում կազմվել է ավելի քան 14.000 վարչական իրավախախտման արձանագրություն: Մեծ մասը՝ ամրագոտի չկապելու և արագության գերազանցման համար: Չնայած ինտերնետում տարածվող լուսանկարներին ու լրատվամիջոցներից մեկի լրագրողի պնդմանը, թե փողոցներում անգամ արտակարգ դրության օրերին կան խցանումներ, Հայկ Մհրյանն արձագանքեց.
«Խցանումներ Երևանում չկան»: