Ռուսաստանից ՀՀ տեղափոխված մեր հայրենակիցների համար դիտարկվում է տնային ինքնամեկուսացման տարբերակը
Ռուսաստանում գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար պարբերաբար, ըստ հնարավորության, իրականացնում ենք թռիչքներ դեպի Հայաստան, բոլոր եկածներին մեկուսացնում ենք, և, թեև դեռևս էֆեկտիվ է մեկուսացումը, բայց փորձում ենք նաև այլ գործիքներ կիրառել և անցնել ինքնամեկուսացման ռեժիմի: Այսօր Ազգային ժողովում ասաց պարետ Տիգրան Ավինյանը՝ ընդգծելով, որ ՌԴ-ից ՀՀ տեղափոխված մեկուսացված քաաքացիները պարտադիր ենթարկվելու են նաև թեստավորման:
«Արտերկրից եկածներին մեկուսացնում ենք հյուրանոցներում, սակայն չի բացառվում, որ անցնենք նաև տներում մեկուսացման ռեժիմին»,- ասաց Ավինյանը:
ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը պարետին խնդրեց հստակեցնել, թե որքանով են ճշգրիտ ռապիդ թեստերը՝ հիշեցնելով, որ Բելառուսը հրաժարվել է ՌԴ-ից դրանք ստանալ՝ հիմնավորելով, որ կա մոտ 60 տոկոսանոց անճշտություն:
Ի պատասխան՝ Տիգրան Ավինյանը նշեց. «Ռապիդ թեստերը մենք փորձարկել ենք 60 վարակակրի վրա: Նշեմ, որ դրանք կորեական արտադրության էին: 60 թեստից 47-ը տվել է դրական պատասխան, իսկ 13-ը՝ բացասական: Հիմա այդ 13 անձանց նաև ՊՇՌ թեստ կարվի, որպեսզի հասկանանք՝ ռապիդ թեստերի ճշգրտության աստիճանը և հստակեցնենք, որ դրանք որտեղ կարող ենք օգտագործել»,- ասաց Ավինյանը: