Քննիչ հանձնաժողովի աշխատանքների սառեցման հարցում խնդիր չեմ տեսնում. Հայաստանը շատ ավելի կարևոր հարց ունի լուծելու. Մարկարով
Ամբողջ աշխարհում կորոնավիրուսի համաճարակն ազդում է քաղաքական բոլոր տեսակի գործընթացների վրա, հիմա տենդենցն այնպիսին է, որ բոլոր այն հարցերը, որոնք առաջնային գերակայություն չունեն, սառեցվում են. 168.am-ի հետ զրույցում ասաց ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարովը՝ անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի երեկ հրապարակված հոդվածին, որով հեղինակը մասնավորապես առաջարկում է սառեցնել Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի աշխատանքները:
«Ոչ գերակա հարցերի սառեցումն այս փուլում թույլ կտա առավել կարևոր խնդիրների վրա իշխանության ուշադրությունը սևեռել: Իհարկե, բոլորիս հետաքրքրում է այս հանձնաժողովի աշխատանքն ու Ապրիլյան պատերազմի մասին հավելյալ փաստերն և հանգամանքները, մենք սպասում ենք այդ հանձնաժողովի վերջնական եզրակացությանը, սակայն տվյալ պահին, կարծում եմ, Հայաստանն ունի շատ ավելի կարևոր հարց, որով պետք է զբաղվի, ուստի հանձնաժողովի աշխատանքների սառեցման մասով որևէ խնդիր ես չեմ տեսնում»,- ասաց Մարկարովը:
Նա նշեց, որ և՛ հանձնաժողովը, և՛ այդ հանձնաժողով հրավիրված Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ունեն իրենց քաղաքական ազատությունների սահմանը, որի շրջանակում էլ գործում են, հետևաբար՝ ինքը որևէ կապ չի տեսնում Սերժ Սարգսյանի՝ համաձայնություն տալու, և Լևոն Տեր-Պետրոսյանի հոդվածի միջև, և չի կարծում, որ եթե Երրորդ նախագահի համաձայնությունը չլիներ, Առաջին նախագահը նման հոդված չէր հրապարակի:
«Ես այդ հոդվածը համարում եմ երկրի առաջին նախագահի անդրադարձը ստեղծված իրավիճակին, որովհետև ցանկացած քաղաքական գործիչ՝ ներկա թե անցյալ, կարող է տալ իր գնահատականը, ինչն էլ Առաջին նախագահն արել է: Հոդվածն այդպես եմ մեկնաբանում, այլ կապեր ու տողատակեր չեմ փորձում էնտեղ գտնել»,- ասաց Մարկարովը:
Ինչ վերաբերում է նախագահի կոչին, որ կարելի է ժամանակավորապես մոռանալ տարաձայնությունները, չքննադատել իշխանություններին, ապա ես դա շատ նորմալ եմ համարում, բայց խնդիրն այստեղ այն է, թե ընդդիմադիր դաշտն այդ կոչն ինչպես կմեկնաբանի:
«Տեր-Պետրոսյանն իր սեփական կարծիքն է ներկայացրել, և, թե այսօրվա ընդդիմադիրները դա ինչպես են ներկայացնում, լրիվ այլ հարց է. այո՛, մեկը կարող է դա ներկայացնել իշխանությանն աջակցություն, մյուսը՝ ոչ, բայց ես այս հոդվածը համարում եմ ստեղծված իրավիճակին երկրի նախագահի արձագանք ընդամենը»,- ասաց Մարկարովը: