Քննիչ հանձնաժողովի աշխատանքը սառեցնելու Տեր-Պետրոսյանի առաջարկը քննարկելու ո՛չ իմաստ, ո՛չ նպատակ չկա. Գորգիսյան
Ազգային ժողովի Ապրիլյան քննիչ հանձնաժողովն այսօր անցկացրել է իր հերթական աշխատանքային քննարկումը, որը, ի դեպ, վաղուց էր պլանավորած և որևէ կապ չուներ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրապարակած հոդվածի հետ: Այսօր 168.am-ի հետ զրույցում ասաց հանձնաժողովի անդամ, ԱԺ «Լուսավոր Հայաստան»խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը:
«Այսօրվա նիստի ժամանակ քննարկեցին հանձնաժողով հրավիրված Սերժ Սարգսյանի հետ կապված հարցերը: Քննարկվել է նաև հանձնաժողովի նիստը ձայնագրելու նրա պահանջն օրենքի և մեր կանոնակարգի շրջանակներում և, կարծում եմ, որ որևէ խոչընդոտ չկա, որ Սերժ Սարգսյանն այդ օր գա և մասնակցի այդ նիստին: Իսկ ինչ վերաբերում է Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկին, մասնավորապես՝ հանձնաժողովի աշխատանքները սառեցնելու մասով, ապա պետք է ասեմ, այդ առաջարկը ոչ քննարկել ենք, ոչ էլ դրա իմաստն ու նպատակը կա»,- ասաց Գորգիսյանը:
Խոսելով առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ երեկ լրատվամիջոցներից մեկով արված համերաշխության կոչերի մասին, Գորգիսյանն ասաց, որ նույն կոչը ցանկանում է ուղղել Առաջին նախագահի աջակիցներին:
«Եթե նա այդքան շատ է մտածում ազգի համերաշխության մասին, ապա թող այդ կոչերն ուղղի իր թիմակիցներին, որոնք լծված են շատերի, այդ թվում՝ մեր մասին հերյուրանքներ ու բամբասանքներ տարածելու գործին»,- ասաց պատգամավորը: