Լևոն Տեր-Պետրոսյանի հոդվածի վերաբերյալ Փաշինյանը մեկնաբանություն չունի

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրապարակած հոդվածի վերաբերյալ որևէ մեկնաբանություն չունի, եթե վարչապետը դրա անհրաժեշտությունը տեսնի, դա կարող է անել, ենթադրենք, ասուլիսի ժամանակ, եթե լրագրողների կողմից հարց հնչի, բայց հիմա որևէ մեկնաբանություն այդ հոդվածի մասով չկա, որը ես կարող եմ փոխանցել Ձեզ»,- ի պատասխան 168.am-ի հարցին՝ արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը կիսում է Լևոն Տեր-Պետրոսյանի հոդվածում արված դիտարկումները, ասաց Փաշինյանի խոսնակ Մանե Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ Առաջին նախագահը երեկ հոդված էր գրել, որով հետևյալ անհրաժեշտ քայլերին դիմելու կոչ էր արել.

1. Քարոզչական ու դաստիարակչական բոլոր միջոցներով հասարակությանը պարտավորեցնել ենթարկվել Արտակարգ դրության պարետի և Առողջապահության նախարարի հրահանգներին և խստորեն կատարել նրանց հանձնարարականները։

2. Դադարեցնել իշխանությունների նկատմամբ անվստահություն և ատելություն սերմանելու քարոզչությունն ու գործողությունները՝ նրանցից հաշիվ պահանջելու հարցը թողնելով ապագային։

3. Հակավարակային միջոցառումներին ու դրանցից ծագած սոցիալական խնդիրներին վերաբերող մասնավոր խորհուրդներն ու առաջարկներն արտահայտել ոչ թե հրապարակավ ու ցուցադրաբար, այլ ուղղակի հասցեագրել պարետատանը, նրա կազմում ստեղծելով հատուկ խումբ՝ դրանք ուսումնասիրելու և նպատակահարմարության պարագայում գործադրելու համար։

4. Սառեցնել Ապրիլյան պատերազմի հանգամանքների հետաքննության խորհրդարանական հանձնաժողովի աշխատանքը, որն ավելորդ գրգռություն է առաջացնում երկրի առանց այդ էլ գերլարված մթնոլորտում։

5. Վերջ տալ Արցախի ընտրությունների շուրջ ընթացող խժդժություններին և իշխանության նոր մարմինների շուտափույթ ձևավորմամբ ապահովել հանրապետության լիակատար կառավարելիությունը։

6. Հուսալ, որ Հայաստանի Երկրորդ և Երրորդ նախագահներն իրենց վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցներին կկարգադրեն անմիջապես դադարեցնել իշխանությունների դեմ վերջիններիս ծավալած կատաղի պայքարը և այդու չեն կորցնի պետական այրին վայել վարք դրսևորելու այս պատեհությունը։

Տեսանյութեր

Լրահոս