«Տեր-Պետրոսյանն ինքն էլ է հասկանում, որ այս ամենը որևէ մեկի կողմից լուրջ չի ընկալվի. նա փորձում է բարձրաձայնել իր գոյության մասին». Աղասի Ենոքյան
«Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարության մեջ խոսք չկար այն մասին, որ, եթե պատերազմական իրավիճակ էր, ապա ինչո՞ւ Արցախում ընտրություններ անցկացվեցին։ Եթե Նիկոլ Փաշինյանը կիսում է Լևոն Տեր-Պետրոսյանի գնահատականները, ապա Արցախի ընտրությունները չպետք է անցկացվեին, պետք է հետաձգվեին, ավելին՝ երկրորդ փուլը նույնպես չպետք է անցկացվեր»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար, քաղաքագետ Աղասի Ենոքյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ համավարակի պատճառով Հայաստանն այսօր հայտնվել է պատերազմական իրավիճակում.
«Ընդ որում՝ շատ ավելի ծանր ու վտանգավոր, քան ավանդական պատերազմների ժամանակ։ Ի տարբերություն վերջիններիս՝ այսօր ռազմաճակատի գիծ գոյություն չունի, հակառակորդի կրակակետերն անբացահայտելի են, խրամատներն ու բլինդաժները՝ անօգուտ։ Վիրուսն ամենուրեք է ու անտեսանելի. նա հարվածում է թե՛ առջևից, թե՛ կողքերից, թե՛ թիկունքից, թե՛ օդից։ Ոչ ոք ապահովագրված չէ ախտահարումից ու ծանր կորուստներից՝ դառնագույն մի ճշմարտություն, որ պարտավոր է մտապահել մեզանից յուրաքանչյուրը, ընդ որում, առանց խուճապի և պատասխանատվության բարձր գիտակցությամբ»։
Աղասի Ենոքյանը նկատեց. «Եթե պատերզական իրավիճակ է, ապա Նիկոլ Փաշինյանի կողմից բյուջեի հաշվին Արցախ ուղարկված հեղափոխականները հիմա չպետք է խժդժություններ սկսեին։ Սրանք ակնհայտ հարցեր են։ Կարծում եմ՝ Տեր-Պետրոսյանն ինքն էլ հասկանում է, որ այս ամենը որևէ մեկի կողմից լուրջ չի ընկալվի, ուղղակի այս իրավիճակում նա փորձում է բարձրաձայնել իր գոյության մասին, հիշեցնել, որ ինքը նույնպես կարող է դառնալ քաղաքական մեծ խաղի մասնակից»։